Tuesday, February 23, 2010

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՄՈՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԿՀՌՉԱԿԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ ՏՈՆ

«ԱԶԳ», 23-02-2010- «Ադրբեջանում մեծ թափ է առնում Ալիեւի ընտանիքի պաշտամունքը: Այսօր մի շարք դպրոցներ, պուրակներ, փողոցներ անվանակոչված են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ նրա կնոջ անունով: Երկրում գոյություն չունի գեթ մեկ շրջան, որտեղ չլինի մի այնպիսի բնակավայր, որտեղ այս կամ այն ձեւով հիշատակված չլինեն Ալիեւները: Մի շարք կենտրոնական շրջաններում, հրապարակներում կարելի է հանդիպել Հեյդար Ալիեւի, որոշ դեպքերումՙ նրա եւ նրա տիկնոջ արձանների»: Սա մի փոքրիկ հատված է Eurasianet.org կայքում հրապարակված հոդվածից, որտեղ հոդվածագիրն իր վրդովմունքն է արտահայտում, որ «դեմոկրատական» երկրում գոյություն ունի անհատի պաշտամունք: Հոդվածագիր, քաղաքական մեկնաբան Մինա Միրոդովային բարկացրել է Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելիք տոնական օրերի օրացույցում փոփոխություն մտցնելու օրինագիծը: Պարզվում է, իշխանամետ պատգամավոր, անկուսակցական Էլմիրա Ախունդովան առաջարկել է տոնական օրացույցից հանել կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, փոխարենը ադրբեջանցի կանանց տոն հռչակել փետրվարի 28-ը` ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիեւի հանգուցյալ մոր ծննդյան օրվա: Պատգամավորը բացատրել է որ մարտի 8-ը կորցրել է իր նշանակությունը, եւ ժամանակն է տոնը փոխելու: Բացի այդ, տոնի ներդրմամբ ադրբեջանական ժողովուրդն իր հարգանքը կարտահայտի Ադրբեջանի նախագահի մոր` Զարիֆի Ալիեւայի հիշատակին: Միրոնդավան գրում է, որ թեպետ շատերը դեմ են այդ օրինագծին, սակայն, ամենայն հավանականությամբ, Միլի մեջլիսը կընդունի այդ առաջարկությունը: «Կան շատ կանայք, որ սկզբունքորեն չեն նշելու այդ տոնը, քանի որ պատգամավորներն իրենց առաջարկներով ուղղակի լիզում են նախագահի կոշիկները: Լավ կլիներ, որ պատգամավորներն իրենց ժամանակն օգտագործեին առավել կարեւոր հարցեր կարգավորելու ուղղությամբ»: Միրոնդավան համոզված է, որ Ադրբեջանում շատերն այս խնդիրը կապում են առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանում ինչ-որ պաշտոնի հասնելու եւ առհասարակ աշխատանքային գործունեության մեջ վերելք ապահովելու ամենակարճ ճանապարհը նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է: Այդ սկզբունքով են առաջնորդվում անգամ, երբ կառուցում են մասնավոր գործարաններ, առեւտրային կենտրոններ կամ մարզական համալիրներ: Դրանում կարելի է համոզվել` շրջայց կատարելով Ադրբեջանի մարզական համալիրներով: Նույնիսկ Կասպից ծովում կարելի է հանդիպել շրջագայություններ իրականացնող լաստանավերի, որոնք անվանակոչված են տեր եւ տիկին Ալիեւների պատվին»: Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: