
/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը քննադատել է Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի զեկույցը, ասելով, որ «անցել է Եվրոպային Թուրքիայի պատկանելության հարցը քննարկելու ժամանակը»:
Ելույթ ունենալով ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների պատվին կայացած ճաշի ժամանակ, Թուրքիայի վարչապետը ասել է, որ ԵԽ-ի զեկույցը «օբյեկտիվ չէ, եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում»: Նա նաեւ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի գործունեությունը չպիտի կայանա հունա-կիպրոսական շահերի պաշտպանության մեջ:
Իր հերթին, պետնախարար եւ ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիսը, որը նույնպես ներկա է եղել ճաշին, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացը մեծ նշանակություն ունի երկրի համար, սակայն ոչ այնքան, որ հանուն դրա զոհաբերվի Կիպրոսը: Բաղիսը ընդգծել է, որ Թուրքիան Կիպրոսի հարցին վերաբերվում է որպես ազգային խնդրի: Նա հիշեցրել է, որ Թուրքիան միշտ սատարել է եւ շարունակում է սատարել Կիպրոսում շարունակվող բանակցային գործընթացին, հաղորդում է TRT թուրքական հեռուստաալիքը:
Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:
1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:
1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:
2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:
Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը:
No comments:
Post a Comment