Saturday, February 13, 2010

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը դիվանագիտական խաղ չէ. Տիգրան Սարգսյան

Tert.am. 12.02.2010 - «Կարծում եմ, որ այս ուղերձը ևս մեկ անգամ հաստատում է հանրապետության նախագահի վճռականությունը այս հարցի շուրջ, և նաև շատ ուրախ եմ, որ այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը պաշտպանում է և՛ Միացյալ Նահանգների վարչակազմը, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրամիությունը։ Բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղությամբ։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սա խորը գիտակցված քայլ է»,- այսօր Երևանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների թեմայով համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահին հղած օդային ուղերձին։ Վարչապետի խոսքով` սրանով հանրապետության նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում։ «Դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե ոչ, մենք բոլորս ստիպված ենք այլևս հաշվի նստել այս իրողության հետ, որ բացվել է նոր էջ քաղաքական բարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու համար, և հանրապետության նախագահի ուղերձը, կարծում եմ, բոլոր կասկածները ի դերև է հանում այն առումով, որ սա որևիցե դիվանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է` հաստատել հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծել է վարչապետը։ Նա նաև համաժողովի ընթացքում ՀՀ նախագահի ուղերձից մեջբերում է կատարել։

No comments: