Tuesday, February 23, 2010

Ադրբեջանը կարող է թիկունքից հարվածել Իրանին, եթե նա հայտնվի ռազմաքաղաքական անցանկալի իրավիճակում

News.am. 22-2-2010- Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, գտնվելով Թեհրանում, հանդիպել է իրանցի իր պաշտոնակցի հետ, որտեղ հայտարարել է, որ «Հայաստանը տարածքային պահանջներ ունի բոլոր հարեւանների նկատմամբ»: Իրանի խորհրդարանի խոսնակ Լարիջանին, սակայն բավարարվել է հույժ դիվանագիտական նկատառմամբ, նշելով, որ «ԼՂ խնդրի կարգավորումն էական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար»: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ Ասադովի Իրան այցելության հենց հաջորդ օրը Բաքվում Իրանի դեսպանատան մոտ ցույց է կազմակերպել Ադրբեջանցիների համաշխարհային կազմակերպությունը, պարզելով պաստառ հետեւյալ գրությամբ. «Ստեղծենք միասնական Ադրբեջան` Թավրիզ մայրաքաղաքով»: Վ. Աթանեսյանը չի բառացել, որ հակաիրանական հիստերիայի առիթ է հանդիսացել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հետ իր երկրի ընդհանուր սահմանի եւ ղարաբաղյան կարգավորման հարցում հատուկ հետաքրքրություն ունենալու մասին: «Ամեն դեպքում այդ ակցիան շատ ակնհայտ ցույց տվեց, թե որ երկիրը հարեւանների, մասնավորապես` Իրանի հանդեպ տարածքային պահանջներ ունի, որտե՞ղ են հակաիրանական տրամադրություններ խմորվում, եւ ո՞վ կարող է այդ երկրին թիկունքից հարվածել, եթե վերջինս հայտնվելու լինի ռազմաքաղաքական որեւէ անցանկալի իրավիճակում»,- ընդգծեց ղարաբաղցի պատգամավորն ու հավելեց. «Այս ենթադրության օգտին է խոսում նաեւ փաստը, որ, չնայած իրանական կողմի բարի կամեցողության, Ադրբեջանն այդպես էլ չի վերացնում երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը, իսկ փոխարենը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում»:

No comments: