Saturday, February 20, 2010

Ոստիկաններն ընդդիմադիր երիտասարդներին բերման են ենթարկել` նրանց վրա նստած

Tert.am. 20-2-2010- Երեկ երեկոյան ազատ արձակվեցին նույն օրը բերման ենթարկված՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած բողոքի երթի մասնակից ՀԱԿ–ի երիտասարդներին։ Նրանց փաստաբաններից մեկը` Ստեփան Ոսկանյանը, Tert.am–ի թղթակցին ասել է, որ երիտասարդները բացատրագիր են գրել և մանրամասն պատմել են, թե ինչպես են իրենց բռնության ենթարկել ու ծեծելով` բերման ենթարկել ոստիկանություն։ Նրանք նաև պարտավորագիր են գրել, որ այսօր կներկայանան Ոստիկանություն՝ գործի հանգամանքները պարզելու համար: «Քննությունը շեշտը դնում է նրա վրա, որ երթը եղել է չարտոնված և հրապարակային կոչեր են արվել, բայց ի՞նչ կոչի կամ չարտոնված լինելու մասին է խոսքը, երբ մի քանի տասնյակ անձանց խաղաղ երթ է եղել, որը մի քանի անգամ ընդհատվել է, ծեծելով նստեցրել են մեքենան և մեքենաների մեջ էլ ծեծելով տեղափոխել բաժին: Երիտասարդներն իրենց բացատրություններում էլ նշել են, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել, ֆիզիկական ցավ են զգացել»,– ասել է փաստաբանը։ Բերման ենթարկված երիտասարդներից մեկը՝ Սերգեյ Գասպարյանը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երբ իրենց բերման են ենթարկել, մեքենայի մեջ նստեցրել են երեք երիտասարդների, չորս ոստիկան էլ նրանց վրա նստած գնացել են Կենտրոնի ոստիկանություն: Այդ ընթացքում մի քանի անգամ Սերգեյ Գասպարյանի գլուխը խփել են նրա մոտ գտնվող բարձրախոսին։

No comments: