Tuesday, February 23, 2010

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում ընդունվելու ճանապարհին է

/PanARMENIAN.Net/ 22.02.2010 - Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում ընդունվելու ճանապարհին է, սակայն այդ հարցի երկարաժամկետ հեռանկարներն անորոշ են մնում: Այդ մասին գրում է ամերիկացի լուսաբան Մայքլ Դոյլը Fresno Bee-ում: «Բանաձեւի ընդունման կողմնակիցներն ընդգծում են մեկուկես միլիոն հայերի սպանությունը Ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտությունը»,- գրում է Դոյլը: «Ցեղասպանությունը երեւույթ չէ, որը կարելի է մոռանալ, եւ մեր ժողովուրդ չի կարող այլեւս շարունակել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- մեջբերում է Դոյլը Ֆրեզնոյից կոնգրեսական Ջիմ Կոստայի խոսքերը, որը բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակիցներից մեկն է: Հրատարակության տվյալների համաձայն, ներկայումս բանաձեւն օժանդակում են 137 կոնգրեսականներ, սակայն Ներկայացուցիչների պալատում բանաձեւն ընդունելու համար օրինագիծն օժանդակող կոնգրեսականների թիվը պետք է հասնի 218-ի: Դոյլը հիշեցնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հաստերտը, որը 2000 թվականին արգելափակեց բանաձեւի ընդունումը, այժմ աշխատում է թուրքական լոբբիի համար` ստանալով ամսական $45 000: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: