Tuesday, February 23, 2010

Դավիթ Բաբայան. Ադրբեջանցիները հնարավոր է ապատեղեկատվություն են տարածում

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել, թե իբր փետրվարի 26-ին Խոջալու ու չեխական Լիդիցա քաղաքների ղեկավարներն արձանագրություն են ստորագրելու, որի արդյունքում Խոջալուն և Լիդիցան դառնալու են քույր քաղաքներ: Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը` ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը խորհուրդ տվեց մի փոքր սպասել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այս օրերին նման բովանդակությամբ ապատեղեկություններ են տարածում: Նա չբացառեց, որ սա հերթական այդպիսի դրսևորում է: «Դժվար թե այնպիսի եվրոպական երկիր, ինչպիսին Չեխիան է, նման քայլի գնա»,- նկատեց նա: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, որ եթե նշված տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, կարելի՞ է եզրակացնել, որ պաշտոնական Պրահան այդկերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ըստ որում` տեղի տալով հակամարտության կողմերից մեկի քարոզչական պայմաններին: Ի պատասխան` Դավիթ Բաբայանն ասաց. «Խոջալու քաղաք, որպես այդպիսին գոյություն չունի: Եթե Ադրբեջանում ստեղծել է մի նոր բնակավայր, որի անունը դրել են Խոջալու, ես այդտեղ մեզ համար որևէ խնդիր չեմ տեսնում»: Նրա խոսքերով, այդուհանդերձ, փաստը լուրջ մտահոգությունների տեղիք կարող է տալ այն դեպքում, եթե փորձ կատարվի այն կապել արցախյան հիմնախնդրի հետ: «Եթե դրանում որևէ քաղաքական ենթատեքստ գոյություն չունի, ԼՂՀ իշխանություններն այդ հարցին հանգիստ կվերաբերեն»,- եզրափակեց նա: Նշենք, որ նախկին Խոջալու գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում: Արցախի անկախացումից հետո այն վերանվանվել է և կրում է Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան գոյամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը:

No comments: