Tuesday, February 23, 2010

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԽՈՐՀՈՒՐԴ» ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԱՆԻՆՙ «ՉԸՆԿԵՐԱՆԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

«ԱԶԳ», 23-02-2010- Իրան-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ակտիվացած Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ֆոնին, բավական լուրջ տեսք են ստանում: «Ազգ» -ը նախորդ համարներում անդրադարձել էր, որ Բաքուն «կարողանում» է միաժամանակ բարեկամություն անել Իսրայելի եւ Իրանի հետ, իսկ այս երկու երկրների հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Թեհրանը, բնականաբար, չի կարող հանգիստ ընդունել Բաքվի «իսրայելական նկրտումները», ուստի պատակահան չէ, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի` փետրվարի 18-19-ի այցելությունը Իրան զուգակցվել է հսկայական բողոքի ակցիաներով: Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց իրանցի բողոքարարները ոտնահարել են Ադրբեջանի պետական խորհրդանշանները` այրել են այդ երկրի դրոշը, ձվերով հարվածել են դեսպանատան շենքին: Ադրբեջանցիները «հետ չեն մնացել» Թեհրանից: Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 22-ին Բաքվում Իրանի դեսպանատան առաջ բողոքի սեփական ակցիան է անցկացրել, որին մասնակցել են շուրջ 50 ծայրահեղական ազգայնականներ: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Իրանին, որ նա «ընկերություն» է անում Հայաստանի հետ, ինչպես նաեւ պահանջել են բարելավել Իրանում ապրող ադրբեջանցիների կենսամակարդակը: «Ամոթ է ձեր երկրին, որը բացում է իր դռները մարդասպանների առջեւ», «Ահաբեկիչ Հայաստանի հետ եղբայրությունը հակասում է իսկական մուսուլմանական սկզբունքներին», «Ցուցադրեք ձեր իրական մուսուլմանական դեմքը» կոչերով ադրբեջանցիներն Իրանի դեսպանատան առջեւ մնացել են մոտ 20 րոպե, որից հետո ցույցը ցրվել է ոստիկանության միջնորդությամբ: Կարելի է փաստել, որ տարածաշրջանում այս «խանդի տեսարանները» դեռ շարունակական կլինեն, մինչեւ այն օրը, երբ այստեղ ապրող յուրաքանչյուր ժողովուրդ «ընկեր ընտրելու» կարիք չի ունենա, այլ կապրի «ընկերների շրջապատում»` անկախ կրոնական ու ազգային առանձնահատկություններից: Հ. ԱՖՅԱՆ

No comments: