Tuesday, March 9, 2010

Թիվ 252 բանաձեւը մինչեւ նոյեմբերյան ընտրությունները պետք է ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար քվեարկությանը

/PanARMENIAN.Net/ 09.03.2010- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի լսումների ժամանակ կոնգրեսականներն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հրատապ է հենց հիմա: Այդ մասին Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքերով, թեեւ այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ են հնչել, ԱՄՆ-ն, հատկապես կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին: Միաժամանակ մեկնաբանելով այն հնարավորությունը, թե կքննարկի արդյոք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն իր լիագումար նիստի ընթացքում, Նահապետյանն ասել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումն օրենսդրական գործընթացում առաջին, բայց կարեւոր քայլն է, քանի որ առանց դրա մնացած քայլերը հնարավոր չեն»: Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման հարցին` Նահապետյանն ասել է, որ այս հարցում առկա են մի շարք դժվարություններ: «Հանձնաժողովի կողից որոշման ընդունման հաջորդ օրը մենք հանդիպել ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ, որպեսզի քննարկենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում բանաձեւի ընդունման հնարավորությունը: Բերմանը չկարողացավ հստակ պատասխան տալ, քանի որ այս հարցի շուրջ տվյալ պահին կանխատեսումներ անելը բավական բարդ է»,- նշել է Կորյուն Նահապետյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ բանաձեւն ընդգրկվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները: «111-րդ Կոնգրեսը գործելու է մինչեւ 2010-ի նոյեմբեր: Մինչ այդ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը պետք է ընդգրկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում»,- ասել է նա: Նրա խոսքերով, հայկական կողմը, այդ թվում նաեւ ԱՄՆ հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բանաձեւն ընդգրկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում: Նահապետյանը նաեւ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասելու հայ-թուրքական հարաբերություններին: Արտակ Զաքարյանն ասաց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի քննարկումը կախված է Թուրքիայի հետագա գործողություններից թե հայ-թուրքական գործընթացում, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված այլ հարցերում: «Կարծում եմ, որ այս գործընթացում կանխատեսումներ անելը վաղ է, քանի որ գործընթացները շարունակվում են, եւ դեպքերի ընթացքը կարող է հանգեցնել տարբեր իրավիճակների: Դրանցից ելներով` պարզ կդառնա, թե ինչ ճակատագրի կարժանանա Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը»,- նշել է Զաքարյանը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

No comments: