Friday, March 12, 2010

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷ

«Լրագիր» 11-3-2010- Տարիներ է, ինչ Ադրբեջանը սպառնում է, որ եթե Ղարաբաղի հակամարտության բանակցությունն արդյունք չտա, Ադրբեջանը ստիպված է լինելու դիմել ռազմական ճանապարհի եւ վերադարձնել իր կորցրած տարածքները: Բայց, ինչպես Հայաստանի իշխանությունը այդպես էլ չի ասում, թե որն է օրինակ հայ-թուրքական արձանագրությունների ողջամիտ ժամկետը, որը սպառվելու դեպքում սպառնում է դուրս գալ գործընթացից, այդպես էլ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացրել իր համբերության սահմանը: Օրինակ, մինչեւ որ թվականը, կամ մինչեւ որ թվականի որ ամիսն է, որ Ադրբեջանը հույս կդնի բանակցային գործընթացի վրա ու դրա սպառվելուց հետո կդիմի ռազմական ուժի: Բայց, ինչպես Հայաստանի պարագայում է հասկանալի, թե ինչու չի նշվում հայ-թուրքականի ողջամիտ ժամկետ, այդպես էլ թերեւս հասկանալի է Ադրբեջանի պարագայում այդ ժամկետի բացակայությունը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունն ինքն էլ չգիտե, թե որն է այդ ժամկետը, քանի որ գործընթացից դուրս գալ-չգալու հարցն ինքը չէ, որ որոշում է, այլ այսպես ասած միջազգային հանրությունը: Այդպես էլ թերեւս Ադրբեջանի դեպքում է: Ադրբեջանի իշխանությունը չէ, որ կայացնելու է պատերազմի մասին որոշում, այլ միջազգային հանրությունը: Եթե Ադրբեջանի իշխանությանը մնա, ապա այդպիսի որոշում թերեւս չի էլ կայացվի: Փորձենք պատկերացնել, թե ինչի համար է պետք Ադրբեջանին սկսել պատերազմ: Գուցե իմ պատկերացումը մի քիչ պարզունակ ստացվի, բայց ես չեմ տեսնում պատճառ, որի համար Ադրբեջանը պատերազմ սկսի ինքնակամ: Ադրբեջանի իշխանության է Իլհամ Ալիեւը, որին թե միջազգային հանրությունը, թե Ադրբեջանի հասարակությունը տվել է ցմահ կառավարման հնարավորություն: Ալիեւը աստիճանաբար միլիոնատեր եւ միլիարդատեր է դառնում: Վերջերս տեղեկություն հրապարակվեց Դուբայում Ալիեւների ունեցած տասնյակ միլիոն դոլարների արժողության սեփականության մասին, որ գրանցված է 12-ամյա Հեյդար Ալիեւի անվան տակ: Ալիեւները հարստանում են իրենց ցմահ իշխանության շնորհիվ, տնօրինում են Ադրբեջանի նավթագազային հարստությունը, իսկ ադրբեջանցիներն էլ կարծես թե դրա դեմ առանձնապես չեն էլ բողոքում, իսկ Իլհամ Ալիեւն էլ հանգիստ հայտարարում է, որ երկրում ընդդիմություն չկա, որովհետեւ այն զարգանում է: Ուրեմն, ինչու պիտի Ալիեւն իր այդ “դրախտային” կյանքը վտանգի պատերազմ սկսելով: Պատերազմ նա կսկսի մի դեպքում` եթե Ադրբեջանի ընդդիմությունն ու հասարակությունը պահանջեն հետ վերադարձնել Ղարաբաղի հակամարտության ընթացքում կորցրածը, հակառակ դեպքում սպառնալով իշխանափոխությամբ: Բայց Ալիեւին կարծես թե դա չի սպառնում, եւ Ադրբեջանում հասարակությունն էլ, ընդդիմությունն էլ կարծես թե լիովին կառավարելի է ու վերահսկելի, եթե համարենք, որ ընդդիմություն ընդհանրապես կա: Մինչդեռ, սկսելով պատերազմ, Ալիեւը ռիսկի է դիմում վտանգել սեփական ցմահ իշխանությունն ու հարստությունը, թեկուզ եւ այն պատճառով, որ պատերազմի դեպքում որեւէ անհաջողություն կարող է ճակատագրական լինել իր իշխանության համար, քանի որ պատերազմը ենթադրում է անկայուն եւ անկանխատեսելի վիճակ ինչպես ճակատում, այդպես էլ երկրի ներսում, եւ այդ պարագայում արդեն հասարակության արձագանքը նոր կորուստների համեմատ կարող է լինել անկանխատեսելի: Դժվար է պատկերացնել մի վիճակ, երբ Ադրբեջանը ռազմական առումով Հայաստանից այնքան հզորանա, որ բլից-կրիգի ընդունակ լինի եւ պատերազմը ավարտվի դեռեւես մի կարգին չսկսած: Իսկ ընդհանրապես, Ղարաբաղը կամ տարածքները վերադարձնելը հազիվ թե Ալիեւի համար լինի արժանապատվության եւ պատվի հարց: Թե Ղարաբաղը, թե տարածքները նրան երեւի թե կհետաքրքրեն միայն այն դեպքում, եթե գործուն նշանակություն ունենան սեփական իշխանությունն ու հարստությունը պահելու հարցում: Մինչդեռ, այժմ, Ղարաբաղը եւ տարածքները Ալիեւին որեւէ կերպ չեն խանգարում հարստանալ ու պահել իշխանությունը, եթե չասենք, որ օգնում են: Իսկ ահա պատերազմի դեպքում հաստատ կարող են խանգարել, եթե այդ պատերազմի սցենարիստը միջազգային հանրությունը չլինի: Այնպես որ, եթե Ադրբեջանին չմղեն պատերազմի, ապա Ադրբեջանն ինքը ամենեւին էլ չի գնա այդ քայլին, որովհետեւ պատերազմը Ալիեւին պետք չէ: Փոխարենը հարմար է պատերազմի մշտական քարոզը, որովհետեւ դա հնարավորություն է տալիս զսպել քաղաքական որեւէ հակառակություն երկրի ներսում, կառավարելի պահել հասարակությունը, առեւտրի մեջ լինել միջազգային հանրության հետ: Հետեւաբար, պատերազմի վերսկսման մասին տագնապի աղբյուր եթե կա, ապա դա թերեւս Ադրբեջանը չէ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: