Monday, March 1, 2010

«Հյուրիեթ». Հայերն ու թուրքերը վերականգնում են պատմական կամուրջը

Panorama.am. 1-3-2010- Հայկական և թուրքական կողմերը համաձայնություն են ձեռք բերել համատեղ ուժերով վերականգնել Ախուրյան (թուրքերենում օգտագործվում է Արփաչայ տարբերակը) գետի վրայով անցնող և 10-րդ դարին վերագրվող պատմական կամուրջը: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ» թերթը` նշելով, որ դա արվում է ի հեճուկս այն բանի, որ երկու երկրների քաղաքական երկխոսության մեջ որոշակի խոչընդոտներ են նկատվում: Կամուրջը, որ կապում է Հայաստանի և Թուրքիայի փաստացի սահման համարվող Ախուրյան գետը, պատմական Մետաքսի ճանապարհի օղակ է եղել: Աղբյուրի հաղորդմամբ, այն վերականգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (The Economic Policy Research Foundation of Turkey, TEPAV), ինչը հավանություն է ստացել թե Հայաստանի, թե Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից: «Հայոց թագավորության կառուցած և քանդված այս կամուրջն ասոցացվում է երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բացակայության հետ, իսկ դրա վերականգնում է կարող է խորհդանշել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջանը»,- գրում է «Հյուրիեթը»: Ըստ թերթի, իրենց նախաձեռնությունը TEPAV -ի նախագահ Գյուվեն Սակը (Güven Sak) Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ու մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանին ներկայացրել է Երևան կատարած այցելության ժամանակ, իսկ Թուրքիայի վերադառնալուց հետո ներկայացուցիչներն այդ մասին տեղեկացրել են նաև նախագահ Աբդուլա Գյուլին: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհրաժեշտություն են տեսնում, որպեսզի ստեղծագործական բազմաթիվ նախաձեռնություններով զարկ տրվի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններին: «Կարևոր է, որ այդ ազդակներն ամրապնդվեն: Քաղաքական հաշտեցման դրական ներազդեցությունը հասարակության վրա պետք է ուժեղանա»,- ասել է TEPAV-ի պաշտոնյաներից մեկն, ով ըստ «Հյուրիեթ»-ի կարևոր նախաձեռնություններ է ունեցել նաև պաղեստինցիներին ու իսրայելցիներին որոշ հարցերում համաձայնության բերելու հարցում: «Խորհրդանշական քայլերը ցուցանում են նաև քաղաքական կամքը: Այդ քայլերը կավելացնեն երկու երկրների ժողովուրդների միջև շփումներն ու հնարավորություն կտան մտովի բացել սահամնները»,- ընդգծել է նա ու հավելել, որ այդօրինակ քայլերն ուղղված են նաև տնտեսական ենթակառուցվածքների նախապատրաստմանը:

No comments: