Wednesday, March 3, 2010

ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-ԻՑ

«ԱԶԳ», 03-03-2010 -ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը հանդես է եկել հայտարարությամբ, որը հիմնականում վերաբերում է ադրբեջանական Սումգայիթում տեղի ունեցած հայ բնակչության ջարդերին ու Ադրբեջանի տարածքից հայերի բռնի արտաքսմանը: Փալոնը ընգծել է, որ մինչեւ այսօր Ադրբեջանում չեն բացահայտվել այդ հանցագործությունները, «որոնց կազմակերպիչները նախ ազատ արձակվեցին բանտերից, ապա ոմանք դարձան Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ»: Կոնգրեսականը նկատել է նաեւ, որ Սումգայիթում իրականացված հայկական ջարդերն ադրբեջանական ագրեսիայի միայն մի մասն են. «Սումգայիթով Ադրբեջանն ընդամենը սկիզբ դրեց էթնիկ զտումներին, որոնց գագաթնակետը դարձավ Ղարաբաղի ժողովրդի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմը,- շարունակելով` Փալոնը նշել է,- ես կոչ եմ անում Թուրքիային ու Ադրբեջանինՙ դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունից եւ աշխատել հարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ»: Վերջում ամերիկացի կոնգրեսականը շեշտել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ը օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը. «Ամերիկան պետք է հայտարարի, որ էթնիկ ցեղասպանության շարունակություն, ինքնիշխան պետության շրջափակում եւ հայ ժողովրդի հանդեպ ճնշումներ չի հանդուժելու», եզրափակել է Ֆրենկ Փալոնը:

No comments: