Panorama.am. 3-3-2010- Շինծու մեղադրանքներով անազատության դատապարտված լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն այսօր հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, նա հնչեցրել է իր գործընկեր Էլմար Հուսեյնովի սպանության կազմակերպչի անունը: Ըստ այդմ` ընդդիմախոս լրագրողի սպանությունը կազմակերպվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության, մասնավորապես, բարձրաստիճան սպա Ակիֆ Չովդարովի կողմից:
Հիշեցնենք, որ իշխանություններին նկատմամբ սուր քննադատություն պարունակող «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը սպանվել էր 2005 թվականի մարտի 2-ին: Դրանից հետո ադրբեջանական պետական քարոզչությունը տարածում է հանցագործության տարբեր վարկածներ, և վերջնականապես կանգ է առնում այն տարբերակի վրա, որ լրագրողի սպանությունն իրականացրել են Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի թվով երեք անձ, որոնց պատվիրատուն հայտնի չէ:
Եվ ահա «Իրական Ադրբեջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևն այսօր հայտարարել է, որ լրագրողական հետաքննության շրջանակներում 2006 թվականի հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում հանդիպել է նշյալ երեք անձնաց հետ, որոնց Ադրբեջանն իբր միջազգային հետախուզում է հայտարարել:
«Փոխանակ նրանց ձերբակալելու, Ազգային անվտանգության նախարարությունը սկսեց ճնշումներ բանեցնել իմ ու հետաքննությամբ զբաղվող հասարակական հանձնաժողովի մյուս անդամների վրա` պահանջելով դադարեցնել գործունեությունն ու ստորագրություն վերցնելով տեղեկություններ չհրապարակել կասկածյալներ Թեյմուրազ Ալիևի, Փահիր Խուբանովի ու Սերգո Դարվիշևի մասին»,- պատմել է Էյնուլա Ֆատուլաևն` իր ձերբակալման ու դատապարտման դրդապատճառ նշելով հենց այս սպանության հետաքննությունը:
Ներկայացնելով իր հետաքննության արդյունքները` լրագրողը գրում է.
«Մյուսները դադարեցրեցին հետաքննությունը, սակայն ես շարունակեցի և եկա եզրահանգման, որ բոլոր կասկածներն ուղղվում են մեկ անձի` ԱԱՆ սպա Ակիֆ Չովդարովիվ»:
Իր խոսքով, այս կապակցությամբ ինքը դիմել է ԱԱՆ փոխնախարար Խիլալ Ասադովին, գլխավոր դատախազությանն, ինչպես նաև զոհվածի փաստաբաններին ու իրավապաշտպանների: Հենց այս դիմումին էլ, ըստ Ֆատուլաևի, հետևել է իր ձերբակալությունը:
«Ալիևները պատերազմ են գնում» հոդվածի հրապարակումից հետո` 2007թ. մայիսի 16-ին Ադրբեջանի ԱԱՆ-ում հարուցվում է քրեական գործ, Էյնուլա Ֆաթուլաևը սկզբում ընդգրկվում է որպես վկա, ապա` կալանավորվում: Կալանքի մեջ եղած ժամանակ, նրա խոսքով, իրեն են այցելում ԱԱՆ ղեկավարները, այդ թվում Ակիֆ Չովդարովը, և զրույցի ընթացքում նշում, որ Էլմար Հուսեյնովի սպանությունը պետական գաղտնիք է ու մասնավոր հետաքննություններն այս հարցում ապօրինի են:
«Ֆաթուլաևին խոստանում են ազատ արձակել` ԱԱՆ-ի հետ համագործակցության դիմաց: Ֆաթուլաևը պնդում է, որ մերկացումից վախենալով` Չովդարովը փորձել է գործարքի մեջ մտնել` խոստանալով ազատություն»,- այս կապակցությամբ գրում է «Թուրանն» ու տեղեկացնում, որ Էյնուլա Ֆաթուլաևը բազմաթիվ անգամ խնդրել է իր տրամադրած փաստերը տպագրել մամուլում, բայց ադրբեջանական ԶԼՄ-ները հրաժարվել են դա անել:
2009 թվականի հունիսի ադրբեջանական գաղտնի ծառայությունները Ֆաթուլաևին զգուշացրել են, որ եթե չլռի, իր դեմ նոր քրեական գործ կհարուցվի: Դրանից հետո իրադարձությունները սկսում են սրընթաց զարգացում ունենալ:
Հունիսի 12-ին քրեակատարողական հիմնարկում ապստամբություն է բարձրանում: Այն ճնշելուց հետո քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Մահիր Մուսաևն իր մոտ է հրավիրում Ֆաթուլաևին` տեղեկանալու համար, թե արդյոք նա իմացել է սպասվող ապստամբության մասին:
Հընթացս Մուսաևը խոստովանում է, որ վերևից իրեն հրահանգել են Ֆաթուլաևի դեմ սադրանքներ իրականացնել:
Հունիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ է այցելում ԱԱՆ աշխատակից Աղբեյ Ալլահվերդիևը` պարզելու համար, թե Էյնուլա Ֆաթուլաևը որքանով է մասնակցություն ունեցել ապստամբության կազմակերպմանը:
Մինչ այդ հիշյալ «կագեբեշնիկը» նույն Ակիֆ Չովդարովի հետ 2008թ. փետրվարի 22-ին դաժան հաշվեգհարդար է տեսել մեկ այլ լրագրողի` Ագիլ Խալիլի նկատմամբ:
Հաջորդիվ քրեակատարողական ծառայությունը Ֆաթուլաևին առաջարկում է ներման խնդրագիր գրել` նշելով, որ իշխանությունները որոշել են ազատ արձակել իրեն` գործը Ստրասբուրգ չհասցնելու, սեփական սխալներն ընդունելու, և Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ քննադատությունը դադարեցնելու դիմաց: Ֆաթուլաևն այս պայմանները մերժում է:
Սեպտեմբերի վերջին` Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում Ֆաթուլաևին է այցելու Միկլոշ Հարաշտին, ում լրագրողը պատմում է, որ երկրում վերջին տարիներին ծավալվող իրադարձությունների մասին գիրք է գրում և առաջին հատորն արդեն պատրաստ է: Այս հանդիպումից երեք օր անց Ֆաթուլաևի բանտախցում խուզարկություն է իրականացվում և նրա ձեռագրերն առգրավում են: Բանտի պետ Աղաևը հայտնում է, որ ձեռագրի մասին ԱԱՆ-ն իմացել է ու որոշում է կայացվել այն առգրավել:
Դեկտեմբերի 21-ին Ֆաթուլաևին կրկին գործարք է առաջարկվում: Բանտի պետ Աղաևը «հուշում» է, թե ներում կշնորհվի և քանի դեռ ուշ չէ պետք է դիմել նախագահին: Բանտի պետն առաջարկում է տնից նոր վերնազգեստ ուզել, քանի որ հինն արդեն մաշված է: Ֆաթուլաևի խոսքով հետագայում այս դրվագն օգտագործվում է իր դեմ նոր գործ սարքելու համար:
Ինչևէ, իշխանությունները որոշում են գործարքի չգնացող լրագրողին պատժել և երկրորդ գործն են հարուցում նրա դեմ` մեղադրելով թմրանյութերի ապօրինի պահպանման մեջ:
Գործի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ ադրբեջանական դատարանի որոշմամբ քննություն է իրականացվում և Էյնուլա Ֆաթուլաևը բողոքարկել է այդ կապակցությամբ դատարնի կայացրած վճիռները:
Միջազգային հանրության, Ադրբեջանի հասարակության մոտ ոչ մի կասկած չկա, որ Ֆաթուալևը ճաղերի հետևում հայտնվել է հանիրավի` շինծու մեղադրանքների արդյունքում: Ինքը, Ֆաթուլաևըն առավել քան վստահ է, որ իր մեկուսացման պատճառը Էլմար Հուսեյնովի սպանությունը հետաքննելն է: Քանի որ հետաքննության որոշ մանրամասներ արդեն իսկ հրապարակվել են, մեծ է հավանականությունը, որ լրագրողի նկատմամբ հետապնդումներն առաջիկայում կահագնանան:
Նշենք, որ թե Էլմար Հուսեյնովը, թե Էյնուլա Ֆաթուլաևը բացի Ադրբեջանի ներքին կյանքից, իրենց հրապարակումներում բազմիցս անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության առանձին դրվագների` շատ դեպքերում փաստերը ներկայացնելով օբյեկտիվ լույսի ներքո: Մեծ հաշվով իշխանությունների զայրույթն այլախոհ լրագրողների նկատմամբ պայմանավորված է նաև այս հանգամանքով:
Ի դեպ, քանի որ տևական ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հրաժարվում էին հրապարակել Էյնուլա Ֆաթուլաևի գրառումները, ապա մեծ է հավանականությունը, որ «Թուրան» գործակալությունը, որն այսօր ի վերջո համարձակվել է անել այդ բանը, կհայտնվի ադրբեջանական իշխանությունների «սև ցուցակում» և արդեն մոտ ապագայում կփակվի կամ կենթարկվի տարատեսակ ճնշումների:
Հեղինակ` Արմեն Մինասյան
Wednesday, March 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment