Thursday, March 4, 2010

ԷԼ ԻՆՉ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ

«Լրագիր» 4-3-2010- Նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Իսագուլյանը, մարտի 4-ին Իրավունք դե ֆակտո ակումբում պատասխանելով լրագրողների հարցին, փորձել է ասել, թե ինչ տվեց հայ-թուրքական գործընթացը Հայաստանի Հանրապետությանը: Իսագուլյանը նշել է, թե տարիներ շարունակ համարվում էր, որ Հայաստանն արտաքին քաղաքական մեկ խնդիր ունի` Ղարաբաղի հարց: “Ես հիմա, ուղղակի ոչ թե չեմ ուզում ասել, կամ…, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը կհամոզվեն, որ հայ-թուրքական հարաբերությունների այս նախաձեռնությունը ոչ միայն չխանգարեց Հայաստանին այլ խնդիրներում ավելի հստակ դիրքորոշվելու, այլ ընդհակառակը` օժանդակեց, որովհետեւ երբ որ մեկ խնդրի վրա ես աշխատում, բոլորի ուշադրությունը սեւեռված է կոնկրետ այդ խնդրի վրա: Եվ այդ պարագայում հնարավոր են ճնշումներ: Երբ որ խնդիրները տարբերակվում են, առաջանում են մի քանի խնդիրներ, ապա շատ հաճախ, մեկ խնդրի հետ կապված ճնշումը դադարեցնում են, որովհետեւ օրակարգում մեկ ուրիշ խնդիր կա, որը ենթադրենք ինչ որ գերտերությունների շահերին շատ ավելի ձեռնտու եւ նպաստավոր է”, ասում է Գառնիկ Իսագուլյանը: Նրան հարցրել են, թե Հայաստանն ինչ քայլ է անում Ղարաբաղը բանակցային սեղանին մոտեցնելու համար: “Հիմա, քայլեր ասելով ինչ եք հասկանում: Այ կա նորացված տարբերակ, հա, մադրիդյան սկզբունքների: Հայաստանն ուղարկել է առաջարկություններ: Չի բացառվում, որ այդ առաջարկությունների մեջ գուցե այդ միտքն էլ լինի: Չեմ ասում, որ կա, բայց չի բացառվում: Այսինքն ոչ թե չի բացառվում, այլ բոլոր բանակցությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հստակ հայտարարում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության, այդ խնդիրները չեն լուծվելու: Սա կարծում եմ, շատ հստակ, արդեն գործողություն է”, ասում է Գառնիկ Իսագուլյանը: Թե հատկապես ինչ առաջարկ է ներկայացրել Հայաստանը մադրիդյան սկզբունքների նոր տարբերակի կապակցությամբ, Իսագուլյանը չի ասել, նշելով, թե եթե իմանար, կասեր: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը, Իսագուլյանն ասել է, որ դրա պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը` “Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում”: Բայց կարող են արդյոք տարածքներ զիջվել, հարցրել են լրագրողները: “Հայաստանը որեւէ մեկից չի գրավել տարածք, որպեսզի հետ վերադարձնի: Տարածքների հարց կարելի է քննարկել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ”, ասում է Գառնիկ Իսագուլյանը:

No comments: