Thursday, March 4, 2010

ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ Է ԴՐՎԵԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը հազիվ թե միջամտի
«ԱԶԳ», 04-03-2010- Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւը: Թուրքիան ի սկզբանե փորձում էր կանխել բանաձեւի մուտքը հանձնաժողովի օրակարգ: Դա չհաջողվեց: Հիմա պայքարում է քվեարկությունը տապալելու համար, եթե դա նույնպես չհաջողվի, ապա այնպես անելու, որ բանաձեւն ընդունվի ձայների նվազագույն հարաբերակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարությունը մինչ այդ ափսոսանք էր հայտնել հանձնաժողովի օրակարգում բանաձեւն ընդգրկելու առնչությամբ: Իսկ մարտի 1-ին, հանդես գալով հաղորդագրությամբ, բանաձեւը մերժելու կոչ արեց հանձնաժողովի անդամներին: Նույն օրը Վաշինգտոնում սկսեց կանխարգելիչ գործունեություն ծավալել թուրք պատգամավորների երկու պատվիրակություն: Առաջինը գլխավորում է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Մերջանը, երկրորդըՙ թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքօղլուն: Երեկ Վաշինգտոնում Մերջանը ելույթ է ունեցել ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում եւ վերստին կրկնել է այն, ինչ ամերիկյան մամուլի ներկայացուցիչներին արդեն ասել էր. «ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւի քննարկումը կվնասի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման գործընթացին: Երբ երկու երկրների իշխանությունները արձանագրություններ են ստորագրում, ապա ընդհանուր հայտարարի են գալիս, որ 1915-ի իրադարձությունները դեռ պետք է ապացուցվեն պատմաբանների համատեղ հանձնաժողովում, եւ գործընթացը խցանված չէ, ես անձամբ դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ Կոնգրեսը ձեռնամուխ եղավ այս հարցի քննարկմանը»: Պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ, Շուքրյու Էլեքդաղը, որ նախկին դեսպան է եւ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հավելել է Մերջանին: Նա ընդգծել է, որ նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն նախորդների, չի միջամտում բանաձեւին եւ ոչ մի ջանք չի գործադրում դրա ընդունումը կանխելու համար: Ապա եւ ավելացրել է. «Այս գործելակերպն ունի մեկ պատճառ, այն էՙ ապահովել արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում»: Ապա Էլեքդաղն ասել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ինչ վերաբերում է թուրք պատգամավորների երկրորդ պատվիրակության ղեկավար Քընըքօղլուին, ապա նա էլ պատասխանել է Նյու Յորքի «Թուրքական կայքէջի» հարցերին, մասնավորապես նշելով. «Եթե այս օրինագիծը հաստատվի Կոնգրեսում, ապա ստիպված ենք լինելու ընդունել, որ Միացյալ Նահանգներն այլեւս գերտերություն չէ, որովհետեւ Ամերիկան հայտնվում է փոքրաթիվ սփյուռքահայության ամենաաննշան խնդրին տուրք տվողի դերում»: «Չէ՞ որ այս տարի ԱՄՆ-ի հրեական լոբբին օրինագծի առնչությամբ չի պաշտպանում Թուրքիային» հարցին ի պատասխան, նա ասել է. «Մենք մեր հաշվարկները չենք արել հրեական լոբբիի աջակցության ակնկալիքով»: Ի դեպ, թուրքական երկու պատվիրակություններն էլ ներկա կլինեն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստինՙ հետեւելու բանաձեւի քվեարկության ընթացքին: Հարցը, սակայն, պատվիրակությունների ներկայությունը չէ, այլ հիասթափությունը: Այլապես Մերջանը համատեղ հանձնաժողովում 1915-ի իրադարձությունները ուսումնասիրելու շուրջը կողմերի ընդհանուր հայտարարի գալու մասին հրապարակավ չէր ստի, Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության նախօրյակին Էլեքդաղը Թուրքիայի հայկական սահմանի բացումը չէր պայմանավորի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումով, ոչ էլ Քընըքօղլուն կփորձեր կոնգրեսականների զգացմունքների վրա խաղալ, թե օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ-ն այլեւս գերտերություն չի համարվի, որովհետեւ տուրք է տալիս սփյուռքահայությանը: Թուրքական պատվիրակությունների հիասթափությունը, ըստ երեւույթին, պայմանավորված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի, Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Համմերի, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նորթոն Աբրամովիցի հայտարարություններով, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի «Լոս Անջելես թայմսում» հրապարակված հոդվածով եւ հատկապես 1915-ի իրադարձությունների նկատմամբ նախագահ Օբամայի եւ նրա թիմակիցների որդեգրած դիրքորոշումով: Այն առումով, որ Թուրքիան մինչ այդ Վաշինգտոնի վարչակարգի միջամտությամբ էր կանխում ցեղասպանության բանաձեւերի ընդունումը Կոնգրեսում: Նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունները որակել է ցեղասպանություն, ավելին, այդ նույն դիրքորոշումը վերահաստատել է Անկարայում Թուրքիայի նախագահի ներկայությամբ, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովում սեփական պատմության հետ առերեսվելու կոչ է արել պատգամավորներին: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ոչ միայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ ճանաչման բանաձեւերի նախաձեռնողներից է: Իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես ցեղասպանության ճանաչման օգտին է արտահայտվել: Սա նշանակում է, որ մարտի 4-ին Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը չեն միջամտի հանձնաժողովում ցեղասպանության օրինագծի քվեարկությանը, մանավանդ խոսնակ Համմերի հայտարարությունից հետո. «Նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունների հանդեպ պարզորոշ արտահայտել է իր դիրքորոշումը»: Նրան է լրացրել Աբրամովիցը, նախազգուշացնելով թուրքերին. «Եթե նախագահ Օբամայի վարչակարգը չմիջամտի, ապա միանգամայն իրատեսական է, որ բանաձեւն այս անգամ հաստատվի Կոնգրեսում»: Տիկին Փելոսին, ելնելով 2007-ի փորձությունից, հոդվածում գրել է, որ այս անգամ «ավելի զգուշավոր» են լինելու: Նրան հավելել է հանձնաժողովի նախագահ Բերմանը. «Օրինագիծը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին կներկայացնենք այն դեպքում, եթե ապահովվի դրա հաստատման համար ձայների անհրաժեշտ քանակը: Հանձնաժողովի քվեարկությունից հետո դրանով ենք զբաղվելու»: Հովարդ Բերմանը միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի առաջնահերթ խնդիրն է համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ պահանջել է, որ կոնգրեսականները պատմական այս ողբերգությունը ոչ միայն ճանաչեն, այլեւ ճիշտ բնութագրեն: Ի դեպ, Բերմանը, թուրքական մամուլի վկայությամբ, ունի հրեական ծագում եւ միակ կոնգրեսականն է, որը Հոլոքոսթ է տեսել: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: