Wednesday, March 3, 2010

«ՄԵՐԺԵԼ ԲԱՆԱՁԵՎԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին Մարտի 1-ին հանդես գալով հաղորդագրությամբՙ Թուրքիայի արտգործնախարարությունը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը մերժելու կոչ է արել: Արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակ Բուրաք Օզուգերգինի, միաժամանակ նախազգուշացրել է, որ բանաձեւի ընդունումը լուրջ վնաս է պատճառելու Թուրքիա-ԱՄՆ եւ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին: Հաղորդագրության մեջ, ինչպես երեկվա համարում նշել էր «Հյուրիեթը», ասված է. «Ցավով ենք ընդունել մարտի 4-ին ցեղասպանության անհիմն պնդումներին տուրք տվող թիվ 252 բանաձեւի ընդգրկումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Այդ մասին իրազեկել ենք ԱՄՆ-ի պատասխանատուներին տարբեր մակարդակներով: Ակնկալում ենք, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կմերժի այն բանաձեւը, որը կվնասի ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին եւ կխաթարի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը: Ուզում ենք հավատալ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կգիտակցեն բանաձեւի ընդունման բացասական հետեւանքները Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության ջանքերի նկատմամբ եւ կգործեն պատասխանատվության զգացումով»: Օգտվելով առիթից նշենք, որ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին նախազգուշացրել են նաեւ մարտի 1-ին Վաշինգտոն գործուղված թուրք պատգամավորների պատվիրակությունները: Առաջինը գլխավորում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը, իսկ երկրորդը կազմված է թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներից: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: