Thursday, March 4, 2010

Vatan. Հայկական սփյուռքը Թուրքիայի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելուն շատ մոտ է

Panorama.am. 4-3-2010- Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կանխելու համար Անկարան հանդես է եկել հետևյալ սպառնալիքով. «Եթե բանաձևն ընդունվի, ապա ինքնաթիռների, ուղղաթիռների, զենք-զինամթերքի, հրթիռների գնման մասին 45 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրերը չեղյալ կհայտարարենք»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) թերթը: Լրատվամիջոցի տվյալներով` Պալատի հիշյալ հանձնաժողովի 46 անդամներից 25-ը վճռականորեն տրամադրված են կողմ քվեարկելու ցեղասպանության բանաձևին: Ցեղասպանությունը դատապարտող օրինագծին «այո» ասող 25 հանձաժողովականներից 18-ը իշխող Դեմոկրատական, իսկ 7-ը Հանրապետական կուսակցություններից են: «Vatan» թերթը հրապարակել է ԱՄՆ օրենսդիր մարմնում գործող ընթացակարգը, որով և կարող է անցնել Ցեղասպանության բանաձևը: Այսպես` • ԱՄՆ-ի երկու օրենսդիր մարմիններից մեկը հանդիսացող Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր Հայոց ցեղասպանության բանաձևը դրվելու է քվեարկության: • Ամենայն հավանականությամբ կընդունվի և Պալատի լիագումար նիստ կուղարկվի: • Լիագումար նիստում բանաձևն օրակարգ բերելն ու քվեարկության դնելը կախված է Պալատի ղեկավար Նենսի Փելոսիից: • Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է, որ 435 պատգամավորներից 218-ի կողմ քվեարկեն: Բանաձևի ներքո էլ կա 137 պատգամավորի ստորագրություն: Հանձնաժողովում ընդունելուց հետո, սպասվում է, որ այդ ստորագրությունների թիվը կավելանա: • ԱՄՆ-ում որևէ օրինագիծ օրենք դարձնելու համար անհրաժեշտ է, որ իրենց համաձայնությունը տան Ներկայացուցիչների պալատը, Սենատը և նախագահը: Հայկական բանաձևը Ներկայացուցիչների պալատից հետո հայտնվելու Սենատում: • Սենատում այդ բանաձևի ընդունման հավանականությունը մեծ չէ: «Հայկական սփյուռքը նշված բանաձևը Պալատում ընդունել տալով Թուրքիայի նկատմամբ կտանի խորհրդանշական ու ռազմավարական նշանակության մի հաղթանակ, ինչին շատ մոտ է»,- անհանգստություն է հայտնում թուրքական լրատվամիջոցը:

No comments: