Tuesday, April 20, 2010

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան. Հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը

News.am. 20-4-2010- Սենթ Էնդրյուսի համալսարանում ապրիլի 16-17-ը տեղի է ունեցել Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` «Կովկաս. ազատության պատկերացումները եւ բանակցությունների գերակայությունը» («The Caucasus: Imagining Freedom, Negotiating Dominion») խորագրով, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաեւ` տարբեր երկրներից ժամանած փորձագետներ եւ գիտնականներ: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում առկա հակամարտություններին վերաբերվող հարցեր, Կովկասի եւ Արեւմուտքի հարաբերությունները, քաղաքական, մշակութային, լեզվական եւ պատմական հարցեր: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում խոսել է հայերի ինքնության, Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Դեսպան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի կարող դիտարկվել երրորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում, եւ որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կամ այն անտեսել որեւէ նկատառումով: Նա մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկայացրել ԼՂ ժողովրդի արդար պայքարը` իր իրավունքների համար: Այնուհետեւ նա պատասխանել է ԼՂ հակամարտությանը եւ Հայաստանի տարածաշրջանին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

No comments: