Saturday, April 17, 2010

Վրաստանում Ջեմալ փաշային նվիրված հուշատախտակը հանվել է

7or.am. 16-4-2010- Ապրիլի 5-ին Վրաստանում՝ Սոլոլակ թաղամասում, Չայկովսկու և Ինգորոգվա փողոցների անկյունում գտնվող, ժամանակին պետական խորհրդական Անտոն Սոլոմոնովիչ Կորղանյանին պատկանող թբիլիսյան տան ճակատամասում հայ ազգային վրիժառուների կողմից սպանված Ջեմալ փաշային նվիրված հուշատախտակ էր փակցվել։ Հուշատախտակի տեքստը վրացերեն և թուրքերեն էր։ Այնտեղ գրված էր. «Այստեղ հերոսաբար զոհվել է Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական գործիչ և զորավար Ահմեդ Ջեմալ փաշան։ Այս հուշատախտակը նվիրված է նրա հավերժ հիշատակին, որը երբեք չի ջնջվի վրացի և թուրք բարեկամ ժողովուրդների սրտերից»։ Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը «7օր»-ին ասել է. -Շատ տգեղ երևույթ էր, երբ Վրաստանի մայրաքաղաքում տեղադրվում էր հայերի Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի հուշակոթողը և ներկայացվում էր որպես վրաց ժողովրդի մեծ բարեկամ։ Դա, իհարկե, շատ վիրավորական էր մեզ համար, և Թբիլիսիի հայ համայնքը բողոքեց, գլուխ բարձրացրեց, և այդ բողոքի արդյունքում հուշակոթողը հանվեց։ Այն, ինչ թուրքերն անում էին, գոնե ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց այն, որ վրացական իշխանություններն էին թույլատրել այդ հուշակոթողը փակցնել, արդեն անհասկանալի է։

No comments: