Saturday, April 17, 2010

ՆՈՐ ԾՈՒՂԱԿԻ ՇԵՄԻ՞Ն

«Լրագիր» 16-4-2010- Վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն անցել է “հակագրոհի”: Տեւական շրջան լռելայն ընդունելով իր հասցեին ուղղված քննադատության ալիքը, որ գալիս էր ոչ միայն ընդդիմությունից, այլ նաեւ “Բարգավաճ Հայաստանից”, Դաշնակցությունից ու Ռոբերտ Քոչարյանից, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի շուրջ պտտվող մարգինալ մի քանի ուժերից, Տիգրան Սարգսյանն այդ ամենին պատասխանեց օրեր առաջ ունեցած իր ելույթով, որտեղ խոսում էր խոշոր բիզնեսը պարտադիր աուդիտի ենթարկելու, հաշվետվություններ պահանջելու մասին, նշելով, թե հարկային բեռը խոշոր բիզնեսի ուսերից անցել է փոքր ու միջին բիզնեսին: Դրանից երկու օր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի տեսնում Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու անհրաժեշտություն: Հետո Սերժ Սարգսյանը Վաշինգտոն գնաց, իսկ Տիգրան Սարգսյանն էլ հայրենի Լոռու մարզ, որտեղ էլ հայտարարեց, թե հարկային բարեփոխումները դանդաղում են: Վաշինգտոնից հետո Սերժ Սարգսյանը գնաց հանգստանալու, ընդ որում հայտնի չէ, թե ուր, իսկ Տիգրան Սարգսյանն էլ Լոռու մարզից հետո եկավ ու հայտարարեց, որ դժգոհ է հարկային ծառայությունից, որ խոշորներին չի ստուգում կամ լավ չի ստուգում, փոխարենն անթույլատրելի ստուգումներ է իրականացնում փոքր ու միջին բիզնեսի շրջանում: Ավելին, Տիգրան Սարգսյանը դիտողություն է արել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, որ նրանք իրենց լիազորությունները լավ չեն իրականացնում եւ չեն վերահսկում հարկայինի գործունեությունը, չեն կանխում փոքր ու միջին բիզնեսի հանդեպ հարկայինի ստուգայցերը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները Տիգրան Սարգսյանի “թիմի” անդամներն են` Տիգրան Դավթյանն ու Ներսես Երիցյանը, ովքեր նրա հետ միասին դարձան ՀՀԿ-ական: Երբ նա իր թիմակիցներին դիտողություն է անում հարկային քաղաքականությունը վերահսկելու իրենց լծակների կիրառման հարցում թերանալու համար, դա հիշեցնում է “Թթենի” կարճամետրաժ ֆիլիմի հայտնի դրվագը, երբ հերոսներից մեկը իր որդիներին հորդորում է առանց վախենալու գնալ եւ թութ ուտել ծառից, քանի որ ծառն իրենցն է: Ժամանակակից հայաստանյան քաղաքական բառապաշարով ասած, Տիգրան Սարգսյանը “դուխ” է տալիս իր թիմակիցներին: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն էլ Տիգրան Սարգսյանին է “դուխ” տվել: Իսկ դա էլ երեւի թե նրանից, որ Սերժ Սարգսյանին էլ Վաշինգտոնն է “դուխ” տվել, ստորագրելու ոչինչ չտալով, Օբամայի ընդունելությանն արժանացնելով, “նախաձեռնողականությունն” ու “հայկական ժողովրդավարությունը” գովելով: Եվ ահա Սերժ Սարգսյանն այդ ամենից հետո գնացել է “վաստակած հանգստի”, իհարկե ժամանակավոր, իսկ Տիգրան Սարգսյանին էլ թերեւս հորդորել է աշխատել, ինչով էլ պայմանավորված է այն, որ կառավարության ապրիլի 15-ի նիստում էլ Տիգրան Սարգսյանն իր թիմակիցներին էր հորդորում աշխատել եւ իրականացնել խոշոր բիզնեսի վերահսկողության իրենց լիազորությունները: Բայց ամբողջ խնդիրն այստեղ այն է, թե ինչպիսին է այդ աշխատանք կոչվածի ամբողջական պատկերացումը: Աշխատանք ասվածը երկիրն իրապես բարեփոխելը, այդ ուղղությամբ գործնական քայլերն անե՞լն է, թե պարզապես ելույթներ ունենալը, որ դրանից ազդված խոշոր գործարարները, այսինքն նրանք, ովքեր գիտեն, որ ելույթը հատկապես իրենց ուղղված մեսիջ էր, գնան իշխանության դուռն ու փորձեն իշխանության հետ պայմանավորվել իրենց “անվտանգության” պայմանների շուրջ: Աշխատանք կոչվածը մենաշնորհների եւ օլիգոպոլիաների, դեմ պայքարի, փոքր ու միջին բիզնեսի համար զարգացման նպաստավոր պայմանների, բիզնեսի եւ իշխանության սկզբունքային եւ անխտիր տարանջատման ուղղությամբ գործնական հետեւողականությո՞ւնն է լինելու, թե պարզապես տնտեսա-քաղաքական մրցակիցների դեմ հաշվեհարդարը: Դա է թերեւս գլխավոր հարցը, որ առաջանում է այդօրինակ ելույթներից հետո: Բանն այն է, որ իշխանական համակարգում ունեցած տնտեսա-քաղաքական մրցակիցների հանդեպ Սերժ Սարգսյանի հաղթանակը գուցե օգուտ տա նաեւ երկրին, բայց այդ օգուտը լինելու է պարզապես հարակից էֆեկտի տեսքով, իսկ խորքային եւ անշրջելի փոփոխության, զարգացման հեռանկարի բացման տեսանկյունից այն երկրի համար ունենալու է զրոյական նշանակություն: Ըստ երեւույթին, դա պետք է հասկանան նաեւ նրանք, ովքեր արտերկրից քաջալերում են Սերժ Սարգսյանին, նրան “քարտ-բլանշ” տալիս, ակնկալելով, որ այդ միջոցով օգնելու են գործնական հաջողությունների հասնել նաեւ “հայկական ժողովրդավարության” զարգացման գործում: Ներիշխանական եւ ներքաղաքական հաշվեհարդարների միջոցով ժողովրդավարություն չի կառուցվում, այլ իշխանության մի ուղղահայացը փոխարինվում է մյուսով: Դա մի նոր ծուղակ է, որի մեջ կարող են հայտնվել Հայաստանը, Հայաստանի հասարակությունը, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական համակարգերը: Դա 2008 թվականի ընտրության պաշտոնական արդյունքի լեգիտիմացման ճանապարհն է, որը սակայն օղակաձեւ ճանապարհ է, այսինքն տանելու է այնտեղ, որտեղից սկսել է: Ու Հայաստանն այժմ կարծես թե կանգնած է հենց այդ ճանապարհի վրա, եւ վտանգն այն է, որ այդ ճանապարհը կարծես թե այժմ մեծ հաշվով բավարարում է բոլորին` թե “հայկական ժողովրդավարության” արտաքին գործընկերներին, թե ներքին դաշտի խաղացողներին, որովհետեւ կարծես թե բոլորին ընձեռում է շարժ ցույց տալու հնարավորություն, ինչ որ ճանապարհի վրա լինելու հնարավորություն: Ու թվում է, որ բոլոր սուբյեկտները, կամ գոնե դրանց ճնշող մեծամասնությունը հարմարվել են այդ ճանապարհին ու գնում են հերթական շրջանը կատարելու: Մինչդեռ խնդիրն այն է, որ իրականում կարծես թե գործ ունենք ոչ թե երկիրը փոսից հանող ճանապարհի, այլ երկրի վզին գցված ճանապարհաձեւ օղակի հետ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: