Saturday, April 17, 2010

Բաքուն սպառնում է Հայաստանի պատճառով վերանայել հարաբերությունները Վաշինգտոնի հետ

Tert.am. 17-4-2010- Ադրբեջանը Վաշինգտոնին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայերի օգտին կողմնապահություն դրսևորելու համար։ Այս մասին Reuters գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ ընդգծելով, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ «Միացյալ Նահանգները Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ քաղաքականություն չի իրականացնում, այդ պատճառով էլ չի բացառվում, որ մենք վերանայենք մեր քաղաքականությունը Միացյալ Նահանգների նկատմամբ»,– ասել է Հասանովը։ «Կարծում ենք, որ ամերիկացիները պետք է ոչ միայն օգնեն Հայաստանին՝ հաղթահարել տնտեսական ճգնաժամը, այլև որպես ԼՂ բանակցություններում միջնորդ առաջին հերթին նպաստեն Ղարաբաղի հակամարտության լուծմանը»,– նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի սպառնալիքներն առաջին հերթին վերաբերում են էներգետիկ համագործակցությանը, և դա կարող է բարդացնել Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար այնքան ցանկալի «Նաբուկո» գազատարի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացումը։

No comments: