Tuesday, April 20, 2010

Վահան Հովհաննիսյան. Հայերը, ի տարբերություն թուրքերի, ամենաքիչն են ապրում կրոնական ու հոգեւոր արժեքներով, դրա համար էլ…

News.am. 20-4-2010 - «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքանով ժողովուրդն ապրում է կրոնական ու հոգեւոր արժեքներով, այնքան ավելի է հպարտանում իր երկրով»,- այսօր Երեւանում մեկնարկած «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովում իր ելույթում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա որպես կրոնական ու հոգեւոր արժեքներով ապրող ազգերի օրինակ բերեց իռլանդացիներին, թուրքերին ու լեհերին, իսկ առավել քիչ կրոնական արժեքներով ապրողների շարքում հիշատակեց հայերին, հույներին ու ռուսներին՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայ ազգը ապրի իր հոգեւոր արժեքներով ու հպարտանա իր երկրով: Նա նաեւ կրոնական ու հոգեւոր արժեքներից հեռանալով բացատրեց այն փաստը, որ հայ ազգը նման արհավիրքներ է տեսնում եւ որ դա Աստծո յուրօրինակ անեծքն է: Վ. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ սովորաբար գաղթօջախներում մարդիկ ավելի ավանդապաշտ են, քան բուն հայրենիքում եւ դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ հույներին, ֆրանսիացիներին ու մյուս բոլոր ազգերին: «Սա նշանակում է, որ հայկական գաղութներում կոնսերվացված է հին հայկական ոգին, որը վերածննդի աղբյուր կարող է լինել Հայաստանի համար: Հենց դա է պատճառը, որ թուրքերն ուզում են կտրել կապը Սփյուռքի ու Հայաստանի միջեւ, նաեւ պառակտում մտցնել հենց Սփյուռքի կառույցների միջեւ»,- ասաց դաշնակցական գործիչը: Անդրադառնալով ցեղասպանության մասին պատկերացումներին, նա նշեց, որ կա երեք մոտեցում. Թուրքական, որը ամբողջությամբ ժխտում է ցեղասպանությունը, եվրոամերիկյան, ըստ որի՝ ցեասպանություն տեղի է ունեցել, սակայն դա եղել է ուրիշ երկրում ուրիշ կառավարության ժամանակ, եւ վերջապես հայկական մոտեցումը, ըստ որի՝ ցեղասպանությունը ոչ միայն տեղի է ունեցել, այլեւ շարունակվում է մինչ օրս, որի ամենավտանգավոր հետեւանքը այսօր տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն է: «Այս գիտաժողովը ցույց է տալիս, որ մենք արդեն արթնանում ենք եւ սրա դեմը կառնենք»,- իր խոսքն ամփոփեց Վ. Հովհաննիսյանը:

No comments: