Monday, April 5, 2010

«Նեզավիսիմայա գազետա». Էրդողանի սպառնալիքներն ու վերջնագրերն արդյունավետ չէին

Panorama.am. 5-4-2010- Ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան Յուրի Ռոկսը կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին. առիթը` Վաշինգտոնում գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի անցկացման փաստը: «Սարգսյանն ու Էրդողանը կհանդիպեն Օբամային» վերնագրով նյութում հեղինակը հանգում է եզրակացության, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի բնույթ է ստանում»: «ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն այսօր կմեկնի Վաշինգտոն, որպեսզի նախապատրաստի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը: Բացի բարձր մակարդակով հանդիպումներից, հայտնի է նաև, որ այցելության ընթացքում էրդողանը կմասնակցի գլոբալ միջուկային անվտանգության թեմայով գագաթաժողովին: Այդ միջոցառմանը հրավիրված է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում դեպքում ևս նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Չի բացառվում, որ գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև եռակողմ` Օբամա-Սարգսյան-Էրդողան հանդիպում»,- տեղեկացնում է հեղինակն ու նշում, որ Վաշինգտոնը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի Երևանի ու Անկարայի միջև հաշտեցման գործընթացը վերջնականապես չարգելակվի: Հեղինակի ներկայացմամբ, հաշտեցման գործընթացի բուռն մեկնարկը, որը նշանավորվեց երկու երկրների հավաքականների հանդիպմանը հետևելու նպատակով Աբդուլա Գյուլի ու Սերժ Սարգսյանի փոխայցելություններով ու Ցյուրիխում երկկողմ արձանագրությունների ստորագրմամբ, հետագայում չդարձավ ինտենսիվ զարգացումների հիմք: «Այն, ինչին թվում էր, Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական ղեկավարները պատրաստ են, պարզվեց պատրաստ չեն տեղի հանրություններն ու քաղաքական պահպանողական շերտերը: Թուրքիայում համարեցին, որ իշխանությունները, Երևանի հետ հարաբերությունները բարելավելով, չլուծված ղարաբաղյան հակամարտությամբ ճակատագրի քմահաճույքին են հանձնում իրենց ռազմավարական դաշնակցին` Ադրբեջանին: Նույն տեսակետն արտահայտեց նաև պաշտոնական Բաքուն, որը սկսեց կոշտացնել եղբայրական Թուրքիային մատակարարվող գազի սակագնային քաղաքականությունը »,- նշում է հեղինակն ու արձանագրում, որ իրավիճակը փրկելու պատասխանատվությունը ստանձնեց վարչապետ Էրդողանը` հանդես գալով Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ փոխկապակցելու հրապարակային հայտարարություններով: Այնուհետև հեղինակը գրում է. «Ի պատասխան Երևանը կոշտացրեց դիրքորոշումը: Հայկական կողմը ուլտիմատիվ կերպով հայտարարեց, որ խորհրդարանը «շվեյցարական արձանագրությունները» կվավերացնի միայն այն դեպքում, երբ այդ բանն անեն թուրք գործընկերները: Իր հերթին, Թուրքիայի խորհրդարանը «շվեցարական արձանագրությունները» «կորցրել է» հանձնաժողովներից մեկում` մեկ հիշելով Ադրբեջանից անջատված Ղարաբաղի մասին, մեկ էլ` մատնացույց անելով Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայերի անդադար պայքարը, որը «արձանագրությունների ոգուն» չի համապատասխանում»: «Նեզավիսմայա ագազետա»-ի մեկնաբանի ներկայացմամբ, ստեղծված իրավիճակում լրացուցիչ շահարկումների տեղիք տվեց Հայաստանի Սահամնադրական դատարանի որոշումը: «Թուրքական կողմը հայտարարեց, որ Հայաստանի ՍԴ-ն փոփոխություններ է մտցրել «շվեյցարական արձանագրությունների» բովանդակության մեջ, հետևաբար` հաշտեցման գործընթացը սառեցվում է»,- նշում է թերթն ու հավելում. «Անգամ Հիլարի Քլինթոնի միջամտությունը չօգնեց, ով Անկարային կոչ արեց հաշտեցումը արգելակելու պատրվակներ չորոնել»: Ներկայացնելով հաջորդող զարգացումները` թերթը նկատում է, որ Թուրքիան սկսեց հորդորել ձեռնպահ մնալ իր վրա ճնշում գործադրելուց և չբարդացնել տարածաշրջանի իրավիճակը, ինչի ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը, իսկ մեկ շաբաթ էլ անց` Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սառեցնելու մասին և սպառնաց Թուրքիայից արտաքսել անօրինական հիմունքներով ապրող հայերին»,- նշում է թերթն ու անդրադառնում Երևանի արձագանքին. «Հայկական կողմն աչքն էլ չթարթեց` ապրել ենք առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, հետագայում էլ կապրենք, և փորձեց նախաձեռնությունն ուժեղացնել` Բարաք Օբամային հիշեցնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում տված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստման մասին»: Ներկայացնելով Երևանից հնչող վստահեցումներն առ այն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի բնույթ է ստացել, Յուրի Ռոկսը նշում է, որ այդ լավատեսական գնահատականները չափազանցված չեն` «եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայում տեղ գտած լուրջ երևույնթերի վրա»: «Տեղի մի շարք պատմաբաններ, փաստաբաններ ու իրավագետներ առաջատար թուրքական թերթերին տված հարցազրույցներում միաբերան իշխանություններին կոչ են անում չգնալ հոսանքին հակառակ, խոստովանել 19-րդ դարի վերջին մեկնարկած հայերի զանգվածային սպանությունների ու տեղահանման փաստը, որի գագաթնակետը դարձավ 1915 թվականը, և ի վերջո փակել թուրքական պետության այդ ողբերգական պատմության էջը»,- Թուրքիայում ծավալված ներքին քննարկումների մասին գրում է թերթն ու նշում, որ եթե նախկինում նման մտքերի համար անմիջապես հետևում էր պատիժ, այսօր այդ խոսքերի հեղինակները շարունակում են ազատության մեջ մնալ: Ամփոփելով վերը նշվածը` հեղինակը գրում է.«Ահա այսպիսի բարդ արտաքին ու ներքաղաքական իրավիճակում էլ Էրդողանը պետք է Անկարայի համար ցավոտ խնդիրների շուրջ բանակցություններ վարի Բարաք Օբամայի, հնարավոր է նաև Սերժ Սարգսյանի հետ: Նրա սպառնալիքներն ու վերջնագրերն այնքան էլ արդյունավետ չէին: Ուստի չի բացառվում, որ Էրդողանը մտրակից հետո ստիպված կլինի բլիթներ օգտագործել»:

No comments: