Aysor.am. 29-4-2010- Վերջին շաբաթներին ամերիկաադրբեջանական հարաբերություններում ընդգծված ու տեսանելի են սառեցման միտումները. այն Ադրբեջանի հետ, որը տարիներ շարունակ եղել է Արևմուտքի ռազմավարական գործընկերը` տարածաշրջանային հաղորդակցային և, հատկապես, էներգետիկ ծրագրերում: Վաշինգտոնյան մեսիջները, որ վերջին շրջանում տևական ժամանակ ուղարկվում էին Բաքվին, ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի և լրատվական հանրույթի շրջանակներում դժգոհությունների և քննադատության տեղիք տվեցին: Այդ սառնության ամենից ակնհայտ դրսևորումը թերևս ապրիլի 12-13-ի ընթացքում Վաշինգտոնում կայացած միջազգային անվտանգության գագաթաժողովին Ադրբեջանի ղեկավարին չհրավիրելու իրողությունն էր` չնայած այն հանգամանքին, որ հարևան երկրների՝ Վրաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպմանը ներկա էին:
Հարաբերությունների ընդգծված սառնությունն առավել ակնհայտ դրսևորվեց հատկապես այն ետնապատկերի ներքո, որը կապված էր արդեն տևական ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան չունենալու փաստի հետ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամռանը Բաքուն լքած Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էն Դերսիին ոչ ոք այդպես էլ չփոխարինեց մինչ օրս (այսօր բավական իրատեսական խոսակցություններ են առկա այն հարցի շուրջ, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվելու Մինսկի խմբում ԱՄն-ի նախկին ներկայացուցիչ Մ.Բրայզան):
Ի պատասխան գագաթաժողովին և դեսպանի պաշտոնի հավակնորդի ընտրության ձգձգման, ադրբեջանական մամուլը, ինչպես նաև ադրբեջանական քաղաքական և պետական միջին տրամաչափի էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, սկսեցին քննադատական ելույթներ ուղղել՝ Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Վաշինգտոնին միակողմանիության, Հայաստանի շահերը սպասարկելու և Ադրբեջանի շահերը անտեսելու «մահացու» մեղքերում. մասնավորապես Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի շուրթերով Բաքուն սպառնաց, թե կվերանայի Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները: Ի հավելումն Հասանովի խոսքերի, Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ն.Մամեդովը «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին հայտնեց, թե «Միացյալ Նահանգների քաղաքականությունը ավելի ու ավելի դառնում է պրոհայկական և հակաադրբեջանական»:
Դեմարշների վերոնշյալ ցուցակն ամփոփեց ապրիլի 19-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հնչեցված հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե Բաքուն ողջունում է Իրանի միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ միջնորդի դեր տևական ժամանակ խաղում էր Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի և Միացյալ Նահանգների ղեկավարությամբ: Հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել ԱՄՆ-ի հետ նախօրոք ծրագրավորված ռազմական զորավարժություններին:
Ինչպես բուն գործընթացի, այնպես էլ նրանից հետո, ադրբեջանական դեմարշները, անհանդուրժողականությունը հասկանալի է, թե ինչ հրապարակային ենթատեքստ ունեին: Օրինակ, համաձայնվելով Իրանի միջնորդությանը, Բաքուն ցույց էր տալիս, որ ոչ թե պատրաստ է Իրանի միջոցով ԼՂ խնդրի լուծմանը, առավել ևս այն դեպքում, երբ Իրանը ամենատարբեր առումներով չի կարող երաշխավորել հարցի լուծման մի շարք բաղադրիչներ, ինչպես նաև հենց ինքը բավական լուրջ խնդիրներ ունի միջազգային հանրության առաջատար մի քանի երկրների հետ, այլ այդ քայլը ամերիկյան կողմ նետված «քաղաքական դժգոհության» քար էր:
Չստանալով վաշինգտոնյան հանդիպումների հրավեր և իր առջև ունենալով մի իրավիճակ, երբ ինչպես եվրոպական, այնպես էլ ատլանտյան հարթակներում Բաքուն, կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը իր խոչընդոտող դերակատարման հետ, իր հասցերին պարբերաբար լսում էր ոչ այդքան դրական հորդորներ՝ ադրբեջանական ղեկավարությունը հասկանում էր, որ իր քաղաքական և միջազգային հեղինակությունը սրընթաց վայէջքի մեջ է:
Պարզից էլ պարզ է, որ Բաքուն շահագրգիռ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով, քանի որ այն նախ թուլացնում է նրա կշիռը տարածաշրջանում, ապա թուլացնում նրա դիրքերը ԼՂ բանակցային գործընթացում՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավան գործընթացի մեկնարկին տպավորություն էր, թե Անկարան վճռական է, որ պետք է տարանջատել սեփական շահերը, գործընկեր երկրի շահերից: Հանգամանք, որը ընդունելի էր ինչպես Հայաստանի, այնպես էլ միջնորդ երկրների և հատկապես ԱՄՆ-ի համար: Այսօր, սակայն, Անկարան կարծելով, թե կարող է առևտրի միջոցով ավելին կորզել հայ-թուրքական հարաբերություններից, սկսեց ընդունել Բաքվի մոտեցումները՝ դրանք հրապարակային դիվանագիտության մեջ ամեն կերպ փորձելով կապել ԼՂ հարցի հետ: Ինչու՞, քանի որ, եթե դա նրան հաջողվեր, ապա Անկարայի դերակատարումը մի քանի անգամ կմեծանար տարածաշրջանում, եթե նա կարողանա ինչ-որ հնարավոր՝ ասենք ԼՂ շուրջ առկա անվտանգության գոտու անգամ մեկ թիզ հող վերադարձնելու նախապայմաններ ստեղծեր տարածաշրջանում, ապա Մինսկի խումբ նրա մուտքը ապահովված կլիներ և նրան կհաջողվեր այն, ինչ չէր հաջողվել գերտերություններին տարիներ շարունակ: Մի հանգամանք ևս՝ այս իրողությունը հավասարության նշան կդներ Անկարայի, Վաշինգտոնի, Մոսկվայի և Փարիզի միջև, որին այդքան ձգտում է Թուրքիան: Սակայն Էրդողանի թիմը, հետևելով Ալիևի պահանջներին, այս անգամ բավական լուրջ սխալ թույլ տվեց, որի արդյունքում կորուստներ կրեց բոլոր առումներով: Թուրքական կառավորող էլիտան բավարար չէր հաշվարկել, որ Հայաստանի դիրքորոշումը խիստ կտրուկ կլինի, ավելին՝ այն կպաշտպանվի գերտերությունների ղեկավարների կողմից: Իսկ Թուրքիայում ոչ լեգալ բնակվող և աշխատող հայերին արտաքսելու Էրդողանի քաղաքական «իմպրովիզացիան» թուրքական անհետևողական քաղաքականության գագաթնակետն էր, որի արդյունքում թուրքական դիվանագիտությունը բոլոր ուղղություններով սկսեց մեկնաբանություններ և պարզաբանումներ տալ, թե իրենց սխալ են հասկացել և այլն…
Ենթարկվելով Բաքվի կողմից շանտաժի քաղաքականությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների և հատկապես սահմանի բացման պարագայում, դա դավաճանական քայլ կդիտվի, որը կանդարադառնա երկու երկրների հարաբերությունների բոլոր՝ քաղաքական, էներգետիկ, աշխարհաքաղաքական, հաղորդակցային բաղադրատարրերի վրա: Այսօր Թուրքիան փաստորեն ցույց տվեց, որ պատրաստ չէ հարաբերությունների հաստատման: Էրդողանի թիմը այս քայլով արձանագրեց, որ ունակ չէ սեփական քաղաքական շահերը տեսնել առանց ադրբեջանական ածանցյալի:
Այսօրինակ քաղաքական ետնապատկերի ներքո Վաշինգտոնը, ուղակի և անուղակի կերպով քննադատելով կամ հրապարակային արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով Բաքվի նկատմամբ, ցանկանում է արձանագրել այն կարևորությունը, որն ինքը տալիս էր և շարունակում է տալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Բաքուն դա նույնպես լավ է գիտակցում է, սակայն գիտակցում է նաև մեկ այլ հանգամանք, որ ԱՄն- ներկայիս քննադատական շեշտադրումներով վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն արտաքին քաղաքական հանգամանքներով, այլ նաև կոռուպցիայի այն մակարդակով, քաղաքական հետապնդման ենթարկվողների հանգամանքերով, ազատությունների սահմանափակման և օլիգոպոլիկ-տնտեսական և քաղաքական համակարգերի սերտաճման իրողություններով, որոնք առկա են Ադրբեջանում այսօր:
«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ., Ալեն Ղևոնդյան
Thursday, April 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment