Monday, April 19, 2010

Արցախի Նախագահը ընտրությունների բոլոր մասնակիցներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձևով, բարոյական նորմերին համապատասխան

Panorama.am. 19-4-2010- Արցախում շուրջ մեկ ամիս հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախորդ շաբաթ մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հանրապետության կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են մեր հանրապետության համար, և իշխանության բոլոր թևերը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անեն ամեն ինչ` ապահովելու ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը և պատշաճ ընթացքը, յուրաքանչյուր կուսակցության և անկուսակցական թեկնածուի համար ստեղծելով հավասար ու արդար մրցակցության պայմաններ: Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձևով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության և բարոյական նորմերին համապատասխան: Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կապահովեն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

No comments: