Monday, April 19, 2010

Սուրեն Մանուկյան. «Անթուլատրելի է այն, որ թուրքերը մեզ գցեն պատմական հանձնաժողովի մեջ»

Haynews.am . 19-4-2010- Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրն անկախ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացից, և պետք չէ Ցեղասպանությունը դիտարկել որպես Հայաստանի կողմից առաջ քաշվող նախապայման: Ըստ նրա` Ցեղասպանությունից հետո Թուրքիան որդեցրեց Ցեղասպանությունը ժխտելու մարտավարությունը և հայերը ստիպված եղան ժամանակ վատնել նրանց հերքումներն ապացուցելու համար. «Կարծում եմ, որ անթուլատրելի է այն, որ թուրքերը մեզ գցեն պատմական հանձնաժողովի մեջ»: Նա նաև ասել է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ցեղասպանությունը և այսօր պատմաբաններն անելիք չունեն: Սուրեն Մանուկյանը նշել է, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացն այժմ տեղափոխվել է նոր փուլ. այդ փուլը քրեական պատասխանատվության ու փոխհատուցման խնդիրների լուծման փուլն է: Ցեղասպանության թանգարանի փոխտնօրենի խոսքերով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը չի կարող լինել այդ ոճրագործության դատապարտման ու փոխհատուցման սահմանագիծը. «100-ամյա տարելիցն իրավաբանորեն ոչ մի հարց չի լուծելու և շարունակելու ենք առաջ գնալ, քանի որ Ցեղասպանությունը ծանրագույն հանցանք է և վաղեմության ժամկետ չունի»: Ինչ վերաբերում է փոխհատուցման ու պատասխանատվությանը` Ս. Մանուկյանը նշել է, որ Դեյր Զորում, ինչպես նաև Վուդրո Վիլսոնի շիրիմին նախագահ Սարգսյանի ելույթներն ազդակներ էին, որորնք վկայում են, որ Հայաստանի իշխանությունները նոր մարտավարություն են մշակում այդ հանցանքի դատապարտման ու փոխհատուցման ուղղությամբ:

No comments: