
Հայաստան-Թուրքիա “ֆուտբոլային դիվանագիտությունը” փակուղի էր մտել 2009 թ. հոկտեմբերի 10-ին, ճիշտ այն օրը, երբ Ցյուրիխում ստորագրվում էին երկու արձանագրությունները:
Այդ փաստաթղթերի բովանդակությունը կողմերից յուրաքանյուրին հնարավորություն էր տալիս յուրովի մեկնաբանել դրա առանձին` հատկապես զգայուն կետերը: Ամերիկացիների և շվեյցարացիների դեմքը փրկելու նպատակով, այնուամենայնիվ, այդ արձանագրությունները ստորագրվեցին, ինչը նաև ճանապարհ հարթեց նախագահ Սերժ Սարգսյանի համար` այցելելու Բուրսա:
Ապրիլ 22-ին, ճիշտ մեկ տարի անց այն օրից, երբ հայտարարվել էր “ճանապարհային քարտեզի” մասին, նախագահ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուղղած հեռուստաելույթում ընդունեց, որ “Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել”: “Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է” : Նախագահի ելույթում տեղ էին գտել այն հիմնական կետերը, որոնք անցնող մեկուկես տարիներին նշում էին նրան քննադատողները:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Երևանը թույլ է տալիս հերթական սխալը կամ ավելի ճիշտ` նախորդ մեկուկես տարվա սխալներն “ուղղում” է նոր սխալով: Նախագահ Սարգսյանը ապրիլի 22-ի հեռուստաուղերձով հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման ընթացակարգը, սակայն առայժմ դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից:
Քանի որ Թուրքիային հետաքրքրում է հենց գործընթացը, այլ ոչ թե վերջնարդյունքը (շրջափակման վերացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում), ապա Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական կոալիցիայի որոշումը, որքան էլ անհեթեթ հնչի, համապատասխանում է Թուրքիայի շահերին: Ավելին, կասեցնելով արձանագրությունների վավերացման ընթացակարգը, Հայաստանը Թուրքիայի վրայից վերցրեց արտաքին հնարավոր ճնշումների մի մասը: Թուրքիայի խորհրդարանական մեծամասնությունը, երկրի արտգործնախարարն ու վարչապետը բազմիցս հայտարարել էին, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենա ստատուս-քվոյի փոփոխություն: Սակայն թուրքերը, հասկանալով, որ արձանագրությունների կասեցումը կարող է բերել Արևմուտքից ճնշումների, պարզապես այդ փաստաթղթերը խցանել էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Թուրքիայից արձագանքները սպասեցնել չտվեցին: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է: Դավութօղլուն հույս է հայտնել, որ շուտով «Հայաստանում և Թուրքիայում կձևավորվի հարմար մթնոլորտ, և գործընթացը կվերսկսվի»: Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իր երկիրը հավատարիմ է արձանագրությունների գործընթացին մեկնարկից ի վեր. «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել՝ երբ առկա լինեն համապատասխան պայմանները»:
Ավելի վաղ նմանօրինակ հայտարարություն էր արել վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը. «Մենք հաճախ ենք արտահայտել մեր նվիրվածությունը արձանագրությունների տառին և ոգուն և դրանք իրականացնելու մեր նպատակը»:
Ինչպես նկատում եք` Թուրքիան փորձում է մեղքը բարդել Հայաստանի վրա: Որքան էլ ստորագրված երկու արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից և պարունակում են նախապայմաններ, նախագահ Սարգսյանի վերջին քայլը ճիշտ հաշվարկված չէր: Առաջին հայացքից թվում է, թե նախագահն ընտրվել է “ոսկե միջինը”: Եթե անգամ դա “ոսկե միջինն է”, ապա օգտվելու է նախ և առաջ Թուրքիան: Այսուհետ Թուրքիան ի լուր աշխարհի բարձրաձայնելու է, թե իրենք պատրաստ էին շարունակել երկխոսությունը, անգամ Սփյուռքի հետ երկխոսության մեջ մտնել, բայց Հայաստանը կասեցրեց գործընթացը:
Հայաստան-Թուրքիա գործընթացը առաջիկայում դուրս կմնա միջազգային հանրության և առաջատար լրատվամիջոցների ուշադրությունից, եթե անշուշտ, նոր “ֆուտբոլային նախաձեռնություն” չսկսվի: Ավելի հավանական է, որ ուշադրությունը, հետևաբար` նաև ճնշումները, ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Թուրքիան կարողացավ մեկուկես տարվա ընթացում միջազգային հանրությանը հասու դարձնել (ինչը ևս հաճելի էր լսել վերջինիս), թե Հայաստան-Թուրքիա գործընթացը առաջ չի գնում և առաջ չի գնալու, քանի դեռ առաջընթաց չկա ղարաբաղյան հարցում:
Հայաստանը պարտվեց ֆուտբոլում, Հայաստանը պարտվում է դիվանագիտական ճակատում: Սա ասում ենք բնավ ոչ չարախնդալով, այլ սոսկ ներկայացնելով տխուր իրականությունը:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կենտրոնանան հակամարտության կարգավորման վրա` փորձելով գործընթացը վերադարձնել նախամադրիդյան փուլ, երբ Ադրբեջանն էր մերժում առաջարկները:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ
No comments:
Post a Comment