
News.am. 26-4-2010- Հանրակրթական դպրոցներում Ցեղասպանության թեմայով հատուկ դասաժամ եւ դասագիրք ներառելու առաջարկով ՀՀ կրթության եւ գիտության նախարարին է դիմել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչին դրական է արձագանքել նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ վերջերս Հայկ Դեմոյանն ասել էր. «Սա ունի միմիայն դաստիարակչական գործառույթ, որովհետեւ շատ դեպքերում մենք թանգարանում ականատես ենք լինում, թե ինչպես ուսուցիչները, մեղմ ասած, իրենց կիսատ-պռատ գիտելիքները փորձում են փոխհատուցել երեխաների մոտ խեղում առաջացնող հոգեբանական մատուցումներով, որոշ անհարիր բառաշարքերի օգտագործմամբ: Մեր ուզածը թեման տրիվիալ հակաթրքականությամբ սահմանափակելը չէ. մեզ պետք է, որ սա դաստիարակիչ միջոց լինի օրինապաշտ հայ քաղաքացի ձեւավորելու համար, որ նա հարգանք ունենա Ծիծեռնակաբերդի նկատմամբ։ Մենք այս կերպ ուզում ենք կրթական համակարգում ներգործել մատաղ սերնդի վրա»: Նրա խոսքով, «այն, ինչ անում ենք հիմա, խեղման նման մի բան է»:
Այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաեւ ԿԳՆ-ի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ։ Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության առանձին ծրագրի մասին դեռեւս ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ քննարկումները նախնական փուլում են. «Այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարարություններ առայժմ չկան»,- նշել է նա՝ շեշտելով, որ գաղափարն ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ նախնական պայմանավորվածությունը կան, մանրամասները՝ ոչ. «Հայոց ցեղասպանությանը նվիրված ահագին դասաժամերի շարք կա „Հայոց պատմության“ դասագրքերում»,- հիշեցրել է Ն. Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով այլ մանրամասների համար դիմել Կրթության ազգային ինստիտուտ։
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ Ցեղասպանության վերաբերյալ առանձին դասագրքի հրատարակումն այնքան էլ նպատակային չէ. «Ճիշտ կլինի, որ այդ թեման, առավել լուրջ եւ բազմակողմանի անդրադարձերով, ներառվի „Հայոց պատմություն“ առարկայի մեջ։ Հայոց ցեղասպանության թեման որպես առանձին առարկա մի տեսակ չեմ պատկերացնում»,- ամփոփեց նա:
No comments:
Post a Comment