Tuesday, April 27, 2010

Անկարա-Մոսկվա բանակցություններում առանցքային է լինելու ղարաբաղյան հիմնախնդիրը. Ահմեթ Դավութօղլու

Terta.am. 26-4-2010- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` մայիսին Անկարա ծրագրված այցի ժամանակ քննարկվելիք առանքային հարցերից մեկը լինելու է ղարաբաղյան հիմնախնդիրը: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: «Առաջիկայում սպասվում է Դմիտրի Մեդվեդևի այցը: Առանցքային հարցերից է լինելու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը: Մենք այդ թեման դիտարկում ենք որպես մեր հարցը և շարունակում ենք միշտ պահել օրակարգում: Հետայսու Թուրքիան և Ադրբեջանը կկոորդինացնեն իրենց քայլերը: Ոչ մի զարգացում չի կարող հարվածել Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամությանը: Դա բոլորը պետք է իմանան»,- հայտարարել է Դավութօղլուն: Անդրադառնալով Թուրքիայի` մոտ ապագայի համար նախանշված նպատակներին` Դավութօղլուն առանձնացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվելու են: Մենք ցանկանում ենք դա»,– ասել է Դավութօղլուն՝ վստահություն հայտնելով, որ լուծվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը։ «Թուրքերն ու հայերը գոյակցել են դարեր շարունակ: Աշխարհի որ ծայրում էլ միմյանց հանդիպեն, պետք է ոչ միայն ցավերը, այլև պատմությունը կիսել սովորեն, միմյանց հետ ապրել սովորեն, միմյանց հետ ապրել են, այսուհետև էլ միասին են ապրելու»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ահմեթ Դավութօղլուն նշել է նաև, որ Կովկասում ստատուս քվոն որևէ մեկի շահերից չի բխում. «Ինչ էլ լինի, մենք չենք կարող ասել` թող ստատուս քվոն պահպանվի: Հավանաբար որոշ ժամանակահատված մեզ հանգիստ կզգանք... Սակայն մեր երեխաներին խնդիրներով լի մի Կովկաս կթողնենք: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, Վրաստանում Ադրբեջանում, մեզ հետաքրքրում է: Ռուսաստանի և Իրանի` Կովկասի հետ կապված ցանկացած մոտեցում ուղղակիորեն մեզ հետ կապ ունի: Այդ պատճառով մենք չենք ուզում, որ Կովկասում պահպանվի ստատուս քվոն: Կովկասում ստատուս քվոյի առկայությունը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի, ոչ եղբայրական Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի և ոչ էլ որևէ այլ երկրի շահերից: Սակայն այդ ստատուս քվոն փոխելու համար համարձակ քայլեր չեն իրականացվել: Մեր նպատակն է ճիշտ ուղղությամբ փոխել այդ ստատուս քվոն»,- հայտարարել է Դավութօղլուն` ընդգծելով, որ խաղի մեկնարկը տրված է, և դրա նպատակը Կովկասում կայունության և խաղաղության հաստատումն է: «Մեր խաղաղության և հաշտեցման հեռանկարը հենց դա է»:

No comments: