Thursday, April 29, 2010

Հայաստանը՝ կրկին անազատ երկրների խմբում. Freedom House-ի զեկույցը

Tert.am. 29-4-2010- Հրապարակվել է Freedom House–ի մամուլի ազատության 2010թ. զեկույցը, որում երկրները դասակարգվել են ըստ ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ խմբերի: Հայաստանն ընդգրկվել է ոչ ազատ երկրների խմբում։ Այս խմբում են նաև Կամերունը, Կոտ դ’Իվուարը, Մարոկկոն, Կատարը, Ադրբեջանը, Իրանը։ Այնուամենայնիվ Freedom House-ը որոշ բարելավում է արձանագրել Հայաստանում։ «Հայաստանում և Մոլդովայում մենք տեսնում ենք գրաքննության կրճատում, ինչպես նաև լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազում»,- նշվում է Freedom House-ի զեկույցում։ Այս տարի Հայաստանը 66 միավոր ունի՝ նախորդ տարվա 68-ի փոխարեն, այսինքն 2 կետով բարելավել է իր դիրքը՝ այդուհանդերձ մնալով նույն խմբում։ Հարավկովկասյան երկրներից առաջատարը Վրաստանն է, որն ընդգրկվել է մասամբ ազատ երկրների շարքում: Զեկույցում ներառված է 196 երկիր, որոնց 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։ Freedom House-ի զեկույցում մամուլի ազատության առումով առաջատար են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, իսկ ոչ ազատ երկրների խմբում վերջին տեղերում են Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը, Ուզբեկստանը, Կուբան, Էրիթրեան, Լիբիան, Բիրման, Թուրքմենստանը և Հյուսիսային Կորեան:

No comments: