Saturday, May 1, 2010

Ս. Նիկոյան. «ԼՂ հիմնախնդիրը՝ առանց Արցախի ժողովրդի կամքի արտահայտման, չի կարող լուծվել»

Panorama.am. 30-4-2010- «Կարծես թե համանախագահները ևս սկսել են համակերպվել այն մտքի հետ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանալին գտնվում է Ստեփանակերտում, և որ առանց Արցախի իշխանությունների և ժողովրդի՝ անհնար է լուծել այս հիմնահարցը: Կարծում եմ, որ ԼՂՀ իշխանությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաճախակի հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում և դրա ապացույցն են»,- անդրադառնալով վերջին ժամանակներս նկատվող՝ ԼՂՀ իշխանությունների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաճախակի հանդիպումներին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: ԱԺ փոխնախագահի խոսքերով, համանախագահների կողմից հնչեցվող արտահայտությունները ևս գալիս են հաստատելու այն գաղափարը, որ բանակցային գործընթացի որոշակի փուլից՝ Արցախը մասնակցություն է ունենալու ներկայիս ձևաչափով տեղի ունեցող հանդիպումներին: «Կարծում եմ, որ այդ ուղղությամբ և´ ԼՂՀ-ն, և´ Հայաստանը պետք է շարունակական և հետևողական աշխատանքներ տանեն, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահ երկրները հասկանան, որ ԼՂ հիմնախնդիրը՝ առանց Արցախի ժողովրդի կամքի արտահայտման, չի կարող լուծվել»,- ասաց Նիկոյանը:

No comments: