Monday, May 10, 2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 10-5-2010- Մի փորձեք հայկական հեռուստաեթեր նայել աչքի պոչով եւ լսել ականջի ծայրով, քանի որ ցուցադրվող հաղորդումը թյուրիմացաբար կարող է հետաքրքրել ձեզ: Անձնական փորձից գիտեմ: Մայիսի 9-ին համակարգչի առաջ նստած “Ֆեյսբուքի” ստատուս-քվոյին է ծանոթանում, մեկ էլ ականջիս հասավ հեռուստաալիքներից մեկից եկող ձայնը. մի թուրք բիզնեսմեն ներկայացավ հայ հեռուստադիտողին, շնորհակալություն հայտնեց նրանից, որ Հայաստանում գնում են թուրքական ապրանքներ: Լսածս հետաքրքրեց, ու սկսեցի ուշադիր դիտել ցուցադրվող բանը, դեռ չիմանալով, թե ինչ է դա` հաղորդում, սերիալ, լրատվական ծրագիր, թե ինչ: Իսկ թուրք բիզնեսմեն ներկայացած անձը, որ նստած էր մի աշխատանքային սեղանի հետեւում, շնորհակալություն էր հայտնում հայաստանցիներին թուրքական ապրանքները գնելու համար եւ բացատրում էր, թե ինչու է շնորհակալություն հայտնում: Նա ասում էր, թե շնորհակալություն է հայտնում, որովհետեւ գնելով թուրքական ապրանքներ, հայաստանցիները հարստացնում են թուրքական պետությունը, հզորացնում են թուրքական տնտեսությունը, զինում են թուրքական բանակը, աշխատատեղեր են բացում Թուրքիայի համար: Այդ ամենը ասվում էր հայերեն սինխրոն թարգմանությամբ, իսկ թե ինչերեն էր խոսում թուրքը` թուրքերեն, թե անգլերեն, այդքան էլ ուշադիր չեղա պարզելու համար: Երբ նա ավարտեց իր շնորհակալությունն ու դրա բացատրությունը, պարզվեց, որ դիտածս գովազդ էր` հայկական մի ընկերության գովազդ: Գովազդի հեղինակները այդպիսով կոչ էին անում գնել հայկական արտադրանք: Կարծում եմ, այդ խորաթափանց մտահղացման իմաստը պարզ է բոլորի համար` եթե չեք ուզում հարստացնել եւ հզորացնել Թուրքիան, ուրեմն գնեք մերը: Տեղական արտադրանքի իրացումը խրախուսելու արշավը միանգամայն ընդունելի եւ բնական երեւույթ է շատ երկրների համար: Ավելին, կան պետություններ, որոնք իրենց բյուջեներից զգալի փողեր են հատկացրել քաղաքացիների շրջանում տեղական արտադրանքի իրացումը խրախուսելու համար: Կարելի է քննարկել, բանավիճել այդ մարտավարության իրավացիության, արդարացիության շուրջ: Բայց տվյալ պարագայում խնդիրը այդ դաշտից դուրս է, շատ ու շատ դուրս: Տվյալ պարագայում խնդիրը մտածողությունն է, հոգեբանությունը: Միթե հնարավոր չէ որեւէ բան անել առանց թուրքերին դրա մեջ խառնելու: Միթե մեր հայրենական արտադրանքը որեւէ այլ առավելություն չունի, որ մնացել է դա գովազդել միայն թուրքական սպառնալիքի ֆոնին: Լավ, ենթադրենք Թուրքիան չկար, գոյություն չունեին թե Թուրքիա, թե Ադրբեջան: Ինչից ելնելով պետք է կոչ հնչեր գնել տեղական արտադրանք: Ինչու շեշտադրումը չի արվում այդ արտադրանքի որակական եւ գնային առավելությունների վրա: Ինչու է հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունն իջեցվում այդքան ցածր մակարդակի եւ դառնում կոմերցիոն գովազդների համար շահարկելի թեմա: Երբ է հայկական միտքը ձերբազատվելու թուրքական “գերությունից”: Երբ ենք մենք դադարեցնելու թուրքի, արտաքին թշնամու կերպարը դարձնել մեր գործողությունների, մեր գործունեության ելակետ: Այնպիսի տպավորություն է, որ հայերի գոյության իմաստը պայմանավորված է թուրքերի գոյությամբ, եւ եթե թուրքերը մի գեղեցիկ օր այլեւս չլինեն, ապա հայերի ապրելու իմաստն էլ կարող է վերանալ նրանց հետ միասին: Միթե հայ ազգը չունի ապրելու եւ ստեղծագործելու այլ խթաններ, չունի այդպիսի խթաններ ստեղծելու եւ իր կյանքը դրանց վրա կառուցելու ունակ միտք: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: