Saturday, May 1, 2010

Թուրքիան հայկական հարցի վերաբերյալ պաշտոնական տեսակետ չունի՞

News.am. 30-4-2010- Թուրքիայի Պատմագիտական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքը հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնական տեսակետ չունի հայկական հարցի վերաբերյալ: Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Աֆյոնի Քոջաթեփե համալսարանի պատմության ակումբի կողմից կազմակերպվել է «Հայկական հարցի ներքին կողմը» անունը կրող խորհրդաժողով: Խորհրդաժողովին ելույթ ունեցած Թուրքական պատմագիտական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար պրոֆ. Քեմալ Չիչեքը՝ նշելով, որ հայկական հարցում Թուրքիան պաշտոնական տեսակետ չունի, շարունակել է. «Երանի պաշտոնական տեսակետ լիներ: Որովհետեւ բոլորը այդ տեսակետին ծանոթ կլինեին: Բացի այդ, մեր դպրոցներում դա կսովորեցնեինք: Թող վատ, բայց մի պաշտոնական տեսակետ լինի: Հայկական հարցում Թուրքիան լուռ է: Մեզնից այս խնդրում ներողության են սպասում: Լավ, եթե ներողություն խնդրենք, այդ թեման կփակվի՞: Դրանից հետո հայերը մեր մոտ բարեկամները կդառնա՞ն: Եթե նման կերպ մտածողներ կան, նրանք սխալվում են: Հայաստանում շրջել եմ: Այնտեղ պետությունը պողոտաներին փակցրել է պաստառներ, որոնց վրա գրված է. „Ճանաչիր ցեղասպանությունը, վճարիր փոխհատուցումը“: Նշանակում է, որ ցեղասպանությունը ճանաչելու դեպքում էլ, այս գործը չի փակվի: Նրանք փոխհատուցում են պահանջելու»,-հայտարարել է Քեմալ Չիչեքը:

No comments: