Saturday, May 1, 2010

Արգիշտի Կիվիրյանի կարծիքով, իրեն ծեծի ենթարկողները կարող են մնալ անպատիժ

«Ազատություն» 30-4-2010- Փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանը, ով դաժան ծեծի էր ենթարկվել ուղիղ մեկ տարի առաջ, կարծում է, որ դեպքի առիթով հարուցված քրեական գործը կարող է կարճվել ու հանցագործները կարող են մնալ անպատիժ: Քրեական գործը նախ հարուցվել էր ոստիկանությունում՝ «թեթեւ մարմնական վնասվածք» պատճառելու հոդվածով, ապա տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայություն եւ վերաորակավորվեց որպես «մի խումբ անձանց կողմից սպանության փորձ»: Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ կատարվածի պատճառը իր մասնագիտական գործունեությունն է, մասնավորապես՝ հոդվածները Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի գործունեության վերաբերյալ: «Ես չունեմ անձնական թշնամիներ», - ասաց Կիվիրյանը: - «Ես դա կապում եմ միայն իմ լրագրողական գործունեության հետ: «Բագին»-ում հիմնականում եւ Armenia Today-ում ներկայացվել է ճշմարտությունը Ախալքաղաքի ոստիկանապետի անձի մասին»: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Վլադիկ Սերոբյանին եւ Գուրգեն Կիլիկյանին: Լրագրողի խոսքով, վերջիններս դեպքից երկու օր առաջ մեկնել էին Ախալքալաք եւ հանդիպում ունեցել Սամվել Պետրոսյանի հետ: 2009 թվականի հուլիսին Սերոբյանն ու Կիլիկյանը կալանավորվել էին, սակայն 2010-ի մարտի 8-ին կալանքը չի երկարաձգվել եւ նրանք ազատ են արձակվել: «Եթե նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, որ գործը գտնվում է խիստ հսկողության տակ, ապա արդյո՞ք խիստ հսկողության պարագայում չեն ազատ արձակվել այդ երկու անձինք», - հարց հնչեցրեց Արգիշտի Կիվիրյանը: Հարցին, թե այժմ, երբ Սերոբանն ու Կիլիկյանը ազատության մեջ են, որքանով է իրեն ապահով զգում, Արգիշտի Կիվիրյանը արձագանքեց. - «Իսկ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը իրեն ապահով է զգում»: Քրեական գործը մինչեւ այժմ նախաքննության փուլում է, եւ Կիվիրյանը կարծում է, թե գործը կասեցնելու միտում կա»: «Գործի հենց սկզբից ոստիկանությունը զբաղված էր ոչ թե գործը բացահայտելով, այլ գործը կոծկելով», - հավելեց Արգիշտի Կիվիրյանը:

No comments: