Saturday, May 1, 2010

Բաքուն պաշտոնապես չի առաջարկել Թուրքիային ընդգրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում

Tert.am. 30-4-2010- Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի կողմից պաշտոնապես ոչ մի առաջարկություն չի ստացել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ընդգրկելու առնչությամբ: Այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, նման առաջարկ պաշտոնապես չի ստացել: Ամեն դեպքում, այդ խոսակցությունը գործնական հարթություն տեղափոխելու համար նվազագույնը անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական արձանագրային գործընթացը դադարեցված է, դժվար թե նման համաձայնություն ստացվի»,- հայտարարել է Նեստերենկոն: Իրանի հնարավոր միջնորդության մասին հարցին Նեստերենկոն պատասխանել է. «Որքանով մենք տեղյակ ենք, Իրանի առաջարկը վերաբերում է հիմնականում հակամարտության վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարնորի եռակողմ հանդիպում անցկացնելուն։ Անշուշտ, մենք դեմ չենք նման հանդիպմանը։ Եթե այն տեղի ունենա, անհրաժեշտ է սպասել կոնկրետ արդյունքների և միայն այդ ժամանակ ակնկալել Իրանի միջնորդության հնարավորության շուրջ քննարկումներ»,- ասել է Նեստերենկոն։

No comments: