
Panorama.am.10-5-2010- «Անցյալ շաբաթ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթներից մեկում նշել է, որ պետք է հետևողականորեն աշխատել ու բանակն ավելի մարտունակ դարձնել, հզորացնել: Սա շատ բնական ցանկություն է:
Մեր պարագայում, մեր պես հարևաններ ունեցող երկրի համար սա կենսական նշանակություն ունեցող խնդիր է»,-այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբան Դավիթ Ջամալյանը:Նրա գնահատականների համաձայն, այս հայտարարությունների մեջ որևէ չափազանցություն չկա, պարզապես նախարարը խնդիր է դրել ու պետք է հասնի դրան: Սակայն նրա հավաստմամբ, այս հայտարարությունը բուռն արձագանք է ստացել Ադրբեջանի կողմից: Զուտ հոգեբանական տեսանկյունից դիտարկելով ազդեցությունը` Դ. Ջամալյանը նշեց, որ ադրբեջանական պրոպագանդան ադրբեջանական հզոր բանակի միֆ է ստեղծել ու դրա համար են նրանք պատրաստվում պատերազմի: Իսկ ադրբեջանական պրոպագանդան կառուցվում իրենց առավելությունների ու հայկական կողմի խոցելի կողմերի վրա:
«Իրենց կողմից նշվում է, որ թվաքանակով մեծ են, հարուստ բյուջե ունեն, լավ զենքեր են գնում, Թուրքիան օգնում է իրենց: Իսկ մեր պարագայում նշվում է, որ փոքրաթիվ ենք, կոմունիկացիայի խնդիր ունենք, անգամ մառազմատիկ բաների է հասնում, թե սոված ենք, խանութներում ուտելիք չկա…»,-ասաց հոգեբանն ու նկատեց, որ այդ ֆոնի վրա առհասարակ չի խոսվում նոր պատերազմի դեպքում Ադրբեջանի համար խոցելի կողմերի մասին:
Նա նկատեց, որ ադրբեջանցիները պաշտոնապես տեղեկացված չեն այն արհավիրքների մասին, որ կարող է հանգեցնել նոր պատերազմը: Ադրբեջանական պետական ապարատը, ըստ նրա, լռում է այդ մասին ու հանկարծ` հայկական կողմից նրանք այդպիսի հայտարարություն են լսում…
Երբ հայկական կողմից նման հայտարարություն է հնչում, Դ. Ջամալյանի հավաստմամբ, ադրբեջանական «քարոզչության փխրուն կառույցը» քանդվում է: Ադրբեջանի կողմից այդպիսի պատասխան ռեակցիայի պատճառներից մեկն էլ, բանախոսի հավաստմամբ, այն է, որ Ադրբեջանում ճանաչում են Ս. Օհանյանին ու լավ գիտեն, որ «հետևողական մարդ է ու երբ նպատակ է դնում, հասնում է դրան»:
«Յուրաքանչյուր ադրբեջանցի իրենց պաշտոնական հայտարարությունից հետո մտնում է համացանց ու տեսնում է, որ հայերն էլ քնած չեն: Մենք կհզորանա՞նք, թե՞ ոչ, այլ խնդիր է, բայց, որ նպատակ կա, արդեն իսկ այդ գաղափարն իրենց համար շատ վտանգավոր է»,-ասաց հոգեբանը:
Իսկ ադրբեջանական կողմի «հայհոյախոսության մակարդակի հասնող հայտարարությունները», նրա հավաստմամբ, խոսում է նրանց հուսահատության մասին:
Խոսելով հայկական կողմից իրականացվող քարոզչության մասին, Դ. Ջամալյանը նկատեց, որ վերջին տարում այդ ուղղությամբ արդյունավետ աշխատում է 2 կառույց` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն ու ՊՆ հասարակության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունը:
«Նախագահին կից գործող դեպարտամենտի կողմից ստեղծվել է շատ գրագետ ֆիլմերի շարք: Սա շատ կարևոր է, մենք մեր պատմությունը լավ գիտենք, բայց դրսում` չգիտեն: Այդ ֆիլմերը արդյունավետության մասին են խոսում»,-եզրափակեց Դ. Ջամալյանը:
Բացի այդ, նա առանձնացրեց նաև «Նորավանք» գիտակրթական կենտրոնի վերլուծությունները:
No comments:
Post a Comment