Մայիսի 4-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Արարատից Եվրոպա» ֆիլմը: Սցենարի հեղինակներ` Գագիկ Գինոսյան, Արսեն Հակոբյան, ռեժիսոր և օպերատոր` Արտակ Ավդալյան:
Ֆիլմում ներկայացվում է հայկական եկեղեցաշինությունը Եվրոպայում, եվրոպական և հայկական եկեղեցաշինությունների փոխազդեցությունները:
«Աստված հայկական լեռնաշխարհում է արարել համաշխարհային պատմության նախաբանը: Առասպելներում և էպոսներում, հին կտակարանում իսկ Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, ավետյաց երկիր, ուր և գտնվում է դրախտը»,- այս խոսքերով է սկսվում «Արարատից Եվրոպա» ֆիլմը:
Ֆիլմում հեղինակները ճանապարհորդում են Ֆրանսիայով, Գերմանիայով, Իտալիայով, Բելգիայով, Վրաստանով` ամենուր փնտրելով քրիստոնեական մշակույթի հետքեր: Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգևորականներ, հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Այստեղ հիշատակվում է նաև Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հայաստանի մասին, որոնք հեղինակները բնորոշում են որպես «Հայկական նամակներ», ներկայացված են Գառնիի հեթանոսական տաճարի և Էջմիածնի մայր տաճարի պատմությունները` կամրջելով այդ ժամանակաշրջանների ճարտարապետությունը:
Արսեն Հակոբյանը եղել է Միլանի «Ամբրոզյանա» գրադարանում, որտեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի թողած ձեռագրային ժառանգության մեծ մասը: Այստեղ նա նկարահանել և ֆիլմում ներկայացրել է նաև նրա «Հայկական նամակ»-ը: Այնտեղ Դա Վինչին հիշատակում է Հայաստանը, խոսում Տավրոս Լեռան, Եփրատ գետի մասին: Ձեռագրի հակառակ էջին Հայաստանի մի մասի քարտեզն է գծված:
«Լեոնարդո դա Վինչիի թողած ժառանգության որոշակի հատվածների վրա երևում է հայկական ճարտարապետության հետքերը և ազդեցությունը»,- ասում է Արսեն Հակոբյանը, ավելացնելով, որ այս նամակները շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ: Բացի դրանից, ֆիլմում առաջին անգամ հիշատակվում է նաև Աբգար թագավորի սուրհանդակի ստեղծած Հիսուսի դիմանկարը, գերմանական Լիսբուրգ քաղաքի եպիսկոպոսական պալատում գտնվող հայոց այբուբենի որմնանկարը:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հեղինակները նպատակ ունեն ֆիլմը թարգմանել տարբեր լեզուներով:
Տեղեկացնում են Հայաստանի Ազգային գրադարանից։
Saturday, May 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment