Friday, May 28, 2010

Թուրքիան օր օրի նվազեցնում է տարածաշրջանում կառուցողական դերի հեռանկարը. Սերժ Սարգսյան

Tert.am-28-5-2010- Մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին։ Հայ-թուրքական գործընթացի առնչությամբ Բառոզոն հայտարարել է, որ Եվրոպական կառույցը շարունակում է աջակցել ողջամիտ ժամկետում և առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում լուրջ և հետևողական աշխատանք կա անելու, որը կողմերից պահանջում է կամք, խնդրին համապարփակ լուծում տալու նպատակասլացություն և բարդ որոշումներ կայացնելու ունակություն: Հայաստանը չի համարում, որ իրական աշխատանքի ձևն ու ձևաչափը թողած` աշխարհով մեկ խնդրի առանձին դրվագների վերաբերյալ թատերական ներկայացումներ բեմադրելը հիմնահարցի լուծմամբ մտահոգ գործելաոճ է: Հայաստանը համարում է, որ ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության և դերի մեծացումով կարելի է որակական նոր փուլ բարձրացնել բանակցային գործընթացը»: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը չի համարում, որ գոյություն ունեցող բանակցային գործուն մեխանիզմի պայմաններում «դրսից տղա բերելու» գործելաոճը ինչ-որ բանի կարող է օգնել: Ավելին` համարում է, որ դրանով Թուրքիան ոչ միայն չի օգնում Ադրբեջանին, այլև օր օրի նվազեցնում է տարածաշրջանում սեփական որևէ կառուցողական դերի հեռանկարը: Հարցին, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է գնահատում Եվրամիության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, Սերժ Սարգսյանն ասել է. «Արդեն տասնամյակներ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրությունների միջոցով ձևավորում է օրինական իշխանություններ: Բնականաբար, այս տարիների ընթացքում տարբեր կառույցներ, այդ թվում նաև` Եվրամիությունը հայտարարում են այն մասին, որ նրանք չեն ճանաչում այս ընտրությունները, ինչը, իհարկե, մեզ համար տարօրինակ է, բայց փորձում ենք հասկանալ դրդապատճառները: Բայց պետք է մեր կարծիքն էլ հաշվի առնել, մենք համոզված ենք, որ ընտրություններին այլընտրանք չկա: Այլընտրանքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իշխեն դաշտային հրամանատարները կամ այլ ուժեր. մենք դրան դեմ ենք: Այնպես որ, մենք համարում ենք շատ նորմալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանում է անցկացնել թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ»: Այն հարցին, թե ո՞րը պետք է լինի կառավարման մոդելը Լեռնային Ղարաբաղում մինչև վերջինի անկախության դե յուրե ճանաչումը այլ պետությունների կողմից, Բառոզոն պատասխանել է. «Մենք շարունակում ենք լիովին օժանդակել հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, բանակցությունների միջոցով. կարծում ենք, որ կարգավորումը պետք է ներառի բոլոր հիմնական տարրերը` տեղահանվածների վերադարձի իրավունքը, գույքային իրավունքները, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև` անվտանգության երաշխիքների և ուժերի դուրսբերումը»:

No comments: