Monday, May 3, 2010

Վազգեն Մանուկյանը համոզված է` այս ընթացքում Սփյուռքի հետ ճեղքվածք չեղավ

Panorama.am. 3-5-2010- ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի օրերս կայացած լիագումար նիստում աշխատանքային առանձին խմբի հանձնարարվել է օրվա քննարկումների արդյունքները հանրագումարի բերելով` ձևակերպել և առաջիկա օրերին հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման ծրագիրը: Դրան զուգահեռ ՀԽ անդամները քննարկել են նաև հայ-թուրքական արձանագրությունների վավարեացման գործընթացի կասեցումից հետո ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կայքէջից, նա ասել է. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ Հայաստանը ուրիշ ճանապարհ չունի: Եվ համոզված եմ եղել միշտ, նաև 1988 թ.: Ընթացքը սրանից ավելի լավ լինել չէր կարող. այս փուլում գործընթացի մեջ մտնելն ավելի կարևոր էր, քան սահմանների բացումը»: Նա համոզմունք է հայտնել, որ Սփյուռքի հետ ճեղքվածք չեղավ, ինչը շատ կարևոր է: «Վերջին 20 տարիների ընթացքում Սփյուռքը երբեք այսքան համախմբված չի եղել… Եվ այս ընթացքում բոլորի աչքում փոխվեց Հայաստանի նախագահի իմիջը. արժանապատիվ կեցվածքով, ոչ թե բռունցքը կոպտորեն սեղանին խփելով, առաջ տանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը…Կային մարդիկ, որոնք 88-ին ասում էին` Մոսկվան Ղարաբաղը չի տալու: Բայց մենք մտանք այդ գործընթացի մեջ, որը անգամ համաշխարհային պատմության վրա ազդեց…Հասկանում եմ, որ անուղղակիորեն սահմանների ճանաչման հարց կար արձանագրություններում, բայց դրանից ավելի լավ փաստաթուղթ չէր լինի: Մեզ համար թիվ մեկ հարցը Ղարաբաղն է: Եվ որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, դա էլ էր Ցեղասպանության հետևանք» ,- հավելել է ՀԽ նախագահը:

No comments: