Wednesday, June 30, 2010

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«ԱԶԳ» , 30-06-2010- «Մեծ ութնյակի» գագաթաժողովին ղարաբաղյան խնդրով երեք երկրներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը ինչ-որ առումով անսպասելի էր: Մինչ այդ չկար եւ ոչ մի հաղորդագրություն կամ տեղեկատվություն այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Հասկանալի է, որ համատեղ հայտարարություն անելու գաղափարը Կանադայում չէ, որ ծնվել է, դրա համար նախապատրաստական աշխատանք կատարվել էր նախօրոք, հետեւաբար հնարավոր էր նախապես իմանալ եւ փորձել որոշակիորեն ազդել փաստաթղթի ձեւավորման վրա: Ինչեւէ, հայտարարությունը արդեն արված է, եւ, առաջին հայացքից, կարծես թե նոր ոչինչ չի ասվումՙ տարածքների հանձնում, փախստականների վերադարձ, ԼՂՀ կարգավիճակի որոշում (հետագայում), Հայաստանի հետ ցամաքային կապ եւ այլն: Համոզված եմ, որ եթե նման հայտարարություն արվեր մի 10 տարի առաջ, ապա հնարավոր է, որ Հայաստանում այս ամենից ոմանք գոհ եւ երջանիկ լինեին, սակայն այսօր պարզ է, որ նման մոտեցումները ոչ միայն հնացած են, այլեւ վտանգավոր, քանի որ Բաքվին ուղղակիորեն խրախուսում են հերթական ռազմական գործողությունների: Հայտարարության այս տեքստը, որն, ի դեպ, կրկնում է հայտնի մադրիդյան սկզբունքները, համանախագահ երկրների նախագահներն արդեն արել էին մի քանի տարի առաջ, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզինՙ այն նորից տարածելով, անհասկանալի է: Հավանաբար վերջիններիս թվում է, որ այս հայտարարությամբ նրանք որոշակիորեն թուլացնում են լարվածությունը տարածաշրջանում եւ հակամարտող կողմերին «հիշեցնում», թե ինչ հարցերով պետք է բանակցություններ վարվեն: Այս հայտարարությամբ նաեւ, մեկ անգամ եւս, հաստատում են, թե ովքեր են այս բանակցություններում միջնորդ երկրները եւ որ այլ երկրների, օրինակՙ Թուրքիայի, մուտքը ցանկալի չէ: Սակայն եռանախագահների նմանատիպ հայտարարությունը պաշտոնական Երեւանին մեկ անգամ եւս պետք է բերի այն եզրահանգման, որ ղարաբաղյան հարցում լուծման նման տրամաբանությունը, երբ ադրբեջանական կողմը հետ է ստանում հողեր, վերադարձնում փախստականներին, եւ հետո նոր միայն որոշվում ԼՂՀ-ի կարգավիճակը, որը մինչ այդ ինչ-որ անորոշ կարգավիճակ է ունենում, ոչ միայն ընդունելի չէ, այլեւ տարածաշրջանում նոր լարվածություն եւ միջէթնիկ բախումների հնարավորություն է ստեղծում: Տարածաշրջանի երկրների եւ մասնավորապես Հայաստանի համար ձեռնտու չէ նաեւ այսպես կոչված միջազգային խաղաղապահ ուժերի գործունեությունը, քանի որ այսպիսով վերահսկողությունը կողմերից անցնում է միջազգային ինչ-որ մի կառույցի, իրավիճակը դառնում է անկառավարելի եւ պայթյունավտանգ: Այսինքնՙ փաստորեն համանախագահող երկրների ղեկավարները, տարածաշրջանում ներկայումս տիրող status-quo-ի փոխարեն առաջարկում են ռազմական գործողությունների վերսկսման մի սցենար, որը հասկանալի պատճառներով ընդունելի չի կարող լինել Հայաստանի համար: Քանի որ պատերազմի վերսկսումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում, ի տարբերություն հարեւան Ադրբեջանի, կարծես թե չկա, հետեւաբար իրադարձությունների զարգացման այս ձեւը ձեռնտու չէ առաջին հերթին Հայաստանին: Իսկ այս օրերին, երբ Ադրբեջանը սադրանքներ է կազմակերպում ԼՂՀ-ի հետ շփման գծում, տրամաբանական կլիներ սպասել իրավիճակը հանդարտեցնող հայտարարության, այլ ոչ թե այն սրող: Սակայն համանախագահող երկրներն ընդամենը նախընտրեցին կողմերին մեկ անգամ եւս հիշեցնել, թե ով է թելադրում խաղի կանոնները եւ ինչպես է պետք այն իրագործել: Ժամանակն է, որ պաշտոնական Երեւանն իր մեջ ուժ գտնի հայտարարելու, որ մինչեւ ԼՂ կարգավիճակի որոշումը եւ անվտանգության երաշխիքներ ստանալը դեմ է հարակից տարածքներից հողեր զիջելու պատրաստակամության մասին շրջանառվող կարծիքին: Այս օրերին, երբ Թուրքիան փորձում է ակտիվացնել իր դերակատարումը տարածաշրջանում, Հայաստանի դիրքերի կոշտացումը ղարաբաղյան հարցում այն տրամաբանական քայլն է, որը նրանից սպասում են շատերը: Նման հայտարարությունը կստիպի համանախագահ երկրներին հետագայում զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ նմանատիպ «անսպասելի» հայտարարություններ կատարելուց: ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ

No comments: