Wednesday, June 23, 2010

Հայաստանի նախագահ. Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից

News.am. 23-6-2010- Հարավկովկասյան տարածաշրջանում դեռեւս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, «ես ուժեղ եմ, հետեւաբար ես եմ թելադրելու լուծումները» մոտեցումները: Այդ մասին Բեռլինում՝ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, թե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս մեծապես առաջնորդվում էր եւ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությամբ, եւ բաժանարար գծերի վերացմամբ ու երկխոսության մթնոլորտի հաստատմամբ, եւ տնտեսական համագործակցության խթանմամբ` որպես նաեւ հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական: «Ինչու՞ մեր նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ: Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի եւ անգամ սպառնալիքների լեզվին: Մինչեւ օրս էլ Եվրոպայի միակ փակ, հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի՝ թուրքական կողմից «Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաեւ այլեւայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերեւս ավելացնեն նաեւ ադրբեջանական ճնշման գործոնը»: «Որոշ արեւմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երեւույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար: Միգուցե, ժամանակը ցույց կտա: Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռեւս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, «ես ուժեղ եմ, հետեւաբար ես եմ թելադրելու լուծումները» մոտեցումները: «Հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը» զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

No comments: