Tuesday, June 29, 2010

Հովհաննես Իգիթյան. Եթե ժամանակին ՀՀ հարցով համազեկուցող նշանակվեր Գորան Լինդբլադը, ապա Հայաստանը չէր հայտնվի այս վիճակում

NEWS.am-ի հարցազրույցը Ֆրանսիայում գտնվող ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ, Հայ Ազգային Կնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի հետ։ -Պարոն Իգիթյան, Հայաստանի հարցով ԵԽԽՎ նոր համազեկուցող Գորան Լինդբլադի նշանակումը ՀՀ իշխանությունները սվիններով ընդունեցին՝ նրան մեղադրելով ադրբեջանական լոբբիստ լինելու մեջ։ Դուք, որպես ԵԽԽՎ նախկին պատվիրակ, ինչպե՞ս եք գնահատում նոր համազեկուցողի նշանակումը եւ արդյո՞ք նա կարող է օբյեկտիվ աշխատել որպես համազեկուցող։ -Ես կուզենայի նախ մի քանի խոսք ասել գնացած համազեկուցողի՝ Ժորժ Կոլոմբիեի մասին, ում իշխանական ճամբարի ներկայացուցիչներից շատերը իրենց «ընկեր» էին համարում։ Մինչդեռ այդ պաշտոնյան շատ բացասական դեր խաղաց որպես համազեկուցող եւ որպես հետեւանք մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ քննարկվում է ոչ թե ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված ԵԽԽՎ բանաձեւերի կատարումը, այլ լուրջ քննարկման առարկա է դարձել մեկ այլ՝ 1416 բանաձեւի կատարման հարցը։ Այդ բանաձեւը շատ վտանգավոր է, քանի որ վերաբերում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաակտիվացմանը։ Ինքներդ որոշեք՝ ո՞րն է Հայաստանի համար ավելի բարենպաստ՝ կատարել 1609 եւ նրանից բխող բանաձեւե՞րը, թե՞ 1416 բանաձեւը, որտեղ Հայաստանը հռչակվում է որպես «օկուպանտ» երկիր, որին կոչ է արվում ազատել «գրավյալ տարածքները»: Իմ կարծիքով, եթե ժամանակին Հայաստանի հարցով նշանակվեին ավելի լուրջ ու հայտնի զեկուցողներ, այդ թվում եւ Գորան Լինդբլադն ու ԵԽԽՎ-ում այլ հայտնի մարդիկ, ապա Հայաստանը չէր գտնվի այն իրավիճակում, որում այսօր է։ -Բայց չէ՞ որ Լինդբլադը ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնցում առկա են Ձեր նշած «օկուպանտ» երկիր, «գրավյալ տարածքներ» եւ այլ ձեւակերպումներ։ Եւ հիմնական մտահոգությունը նոր համազեկուցողի հետ կապված պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ -Այս ձեւակերպումները Գորան Լինդբլադի մեղքով չէ, որ հայտնվել են այդ փաստաթղթերում, այլ Հայաստանի պատվիրակության վատ աշխատանքի, Հայաստանի սխալ դիվանագիտության։ Այսինքն, այս հարցում մենք պետք է մեղադրենք ոչ թե ԵԽԽՎ-ին եւ կամ Գորան Լիդբլադին, այլ մեր պատվիրակության իշխանական թեւին, որն այս երկու տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում զբաղվում էր ոչ թե ԼՂ-ին ուղղված բարենպաստ գործունեությամբ, այլ ԵԽ-ին թյուրիմացության մեջ գցելով, նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված ամեն բան կարգին է, որ 2008-ի նախագահական ընտրությունները հոյակապ են անցել, քաղբանտարկյալներ չկան եւ այլն։ Մինչդեռ այսօր ԵԽԽՎ-ում ոչ ոք չի հավատում ՀՀ պատվիրակությանը։ Եվրախորհուրդը կարծում է, որ այդ մարդիկ, ինչպես որ ժողովրդավարության հետ կապված իրավիճակն էին կեղծում, այնպես էլ կեղծում են ԼՂ հարցը։ Ուստի ավելի լավ է Հայաստանին պարտադրեն կատարել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, քան թե ստիպեն կատարել Լեռնային Ղարաբաղին վերաբերող 1416 բանաձեւի պահանջները։ Ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանը միակ հայ պատվիրակն է, ով գտնում է, որ Հայաստանին ավելի ձեռնտու է կատարել 1609-ի բանաձեւով առաջարկվող ժողովրդավարական բարեփոխումները, իսկ պատվիրակության մնացած անդամների գործունեությունը բերում է նրան, որ Հայաստանին ավելի շատ են ճնշում Լեռնային Ղարաբաղի հետ կապված եւ մասնավորապես 1416 բանաձեւով նախատեսված պահանջների կատարման համար: Այն է`վերաակտիվացնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը։ -Հանձնաժողովի վերաակտիվացման դեպքում ինչպիսի՞ դիրքորոշում պետք է հայտնի հայկական պատվիրակությունը, արդյո՞ք պետք է բոյկոտի ենթահանձնաժողովի աշխատանքները: -Էական չէ, թե Հայաստանի պատվիրակությունը կբոյկոտի թե` ոչ: Ես կասեի, որ ՀՀ պատվիրակությունն արդեն երկու տարի շարունակ բոյկոտում է եվրոպական կարծիքը Հայաստանի մասին: ԼՂ հարցը քնարկվում է ոչ միայն ԵԽ-ում, այլ նաեւ Եվրախորհրդարանում: Եւ ես լինելով Եվրոպայում, զգում եմ, որ կա ընդհանուր բացասական կարծիք Հայաստանի վերաբերյալ։ Ցավով պետք է նշեմ, որ երկու տարվա սխալ դիվանագիտության պատճառով մենք չունենք նույնիսկ մեկ դաշնակից պատգամավոր թե՜ ԵԽ-ում, թե՜ Եվրախորհրդարանում, որ վեր կենա եւ ներկայացնի ԼՂ կոնֆլիկտի իրական պատկերն ու ասի, որ Հայաստանը կապ չունի ո՜չ «օկուպացիայի», ո՜չ էլ փախստականների հետ, որոնք առկա են Ադրբեջանում, ինչպես որ ներկայացվում է Եվրախորհրդարանի վերջին բանաձեւում: Իսկ երբ հանձնաժողովը կրկին վերագործարկվի, հայկական պատվիրակության բոյկոտը ի վիճակի չի լինելու վերափոխել Եվրոպայում Հայաստանի շուրջ առաջացած բացասական մթնոլորտը: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը խիստ կապված է Հայաստանի ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու խոսքի ազատության իրավիճակի հետ եւ այդ վերաբերմունքը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ դիկտատորական երկիր: -Ինչպե՞ս եք գնահատում Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը, ո՞րն եք համարում այդ հանդիպման ձեռքբերումը, արդյո՞ք մադրիդյան, կամ, այսպես կոչված`«պետերբուրգյան առաջարկները»: -Նախ նշեմ, որ Ռուսաստանը կորցրել է իր`մի կողմից գերիշխող, մյուս կողմից` չեզոք դերն ու դիրքը տարածաշրջանում եւ փորձում է այսպիսի հանդիպումներով վերականգնել այդ դիրքը: Սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է ավելի ակտիվ լինել այստեղ, որովհետեւ այն բոլոր քայլերը, որ ինքը կարող էր անել` ուղղված ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերություների բարելավմանը, արել է: Կուզեի անդրադառնալ նաեւ այդ եռակողմ հանդիպմանը հաջորդած Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական դիվերսիային: Ես այդ միջադեպը ուղղակի կերպով չէի կապի եռակողմ հանդիպման հետ: Իր այդ քայլով Ադրբեջանը ավելի շատ ցանկանում է միջազգային ուշադրությունն ավելի լարված պահել ու ավելի հրատապ ձեւով սեւեռել կոնֆլիկտի վրա, ցույց տալով, որ այն հղի է պատերազմի վտանգով: Կարծում եմ, սակայն, որ Ադրբեջանն առայժմ պատերազմ չի սկսի, քանի որ ունի միջազգային, դիվանագիտական ու քաղաքական շատ մեծ առավելություն Հայաստանի հանդեպ եւ միաժամանակ համոզված չէ, որ պատերազմ վերսկսելու դեպքում կարող է հաջողության հասնել: Ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա չեմ կարծում, որ նորացված կամ թարմացված կամ այլ սկզբունքներով հարցը առաջ կգնա, քանի որ պայքարը գնում է ոչ թե սեղանի շուրջ, որտեղ, ի դեպ, բացակայում է ԼեռնայինՂարաբաղը, այլ հայտարարությունների տեսքով: Եւ այն հայտարարությունները, որոնք ես լսում եմ ադրբեջանական կողմից`Հայաստանի կողմից «օկուպացիայի» հետ, ցույց են տալիս, որ Ադրբեջանը հեռու է այն մտքից, որ հարցը պետք է սեղանի շուրջ լուծվի: Որովհետեւ համոզված է, որ սեղանի շուրջ նստած մարդիկ գիտեն ԼՂ կոնֆլիկտի բուն պատճառ եւ պատկերը եւ այդտեղ Հայաստանը, որպես «օկուպանտ», որեւէ փաստաթղթում (խոսքը բանակցային սեղանին դրված փաստաթղթերի մասին է-խմբ.) առայժմ չկա: Այդ պատճառով էլ ես հոռետես եմ տրամադրված թե՜ մադրիդյան փաստաթղթին, թե՜ նորացված սկզբունքներին: Իմ տպավորությամբ` Հայաստանը փորձում է ժամանակ շահել ու ստատուս քվոն հնարավորինս երկար պահել, իսկ Ադրբեջանը, օգտագործելով դրսի կազմակերպությունները, փորձում է ճնշում գործադրելով Հայաստանի վրա` ԼՂ հարցը լուծել 100 տոկոսով իր ուզած եղանակով: Զրույցը վարեց Հեղինե Մանուկյանը

No comments: