Saturday, July 10, 2010

Զարուհի Փոստանջյանի, Ալեք Ենիգոմշյանի և Ժիրայր Սեֆիլյանի համատեղ հայտարարությունը

Արցախի (Ղարաբաղի) շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ «Միջազգային հանրության» կողմից արցախյան հիմնահարցը կրկին անգամ շահարկման առարկա դարձավ ս.թ. հունիսի 18-19-ին Արցախի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական կողմի կատարած ավազակային հարձակման պատճառով, որին հաջորդեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հունիսի 26–ի հայտարարությունը: Արձանագրելով գոյություն ունեցող իրողությունները, կրկին անգամ փաստում ենք, որ -Արցախը (Լեռնային և Դաշտային Ղարաբաղը) հայկական տարածք է։ Հայերը համարվել և համարվում են այդ տարածքի բնիկ ժողովուրդ, և այն հանդիսանում է հայ ժողովրդի էթնիկական հայրենիքը։ -1921թ. Ստալինի կամքով և որոշմամբ Արցախը (Լեռնային և Դաշտային Ղարաբաղը) և Նախիջևանը բռնությամբ կցվեցին կովկասյան թաթարների վերահսկողության ներքո գտնվող տարածքին, որը միայն 1918 թվականից է կոչվել Ադրբեջան։ -Ադրբեջան պետությունը գոյության 70 տարիների ընթացքում փորձել է ձուլել և օտարել իրենց հայրենիքներից այդ տարածքում բնակվող բազմաթիվ բնիկ ժողովուրդների՝ լեզգիների, թաթերի, թալիշների, հայերի, ուդիների և այլն։ -1988թ. Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ում բնակվող հայերի կամարտահայտմանը՝ ինքնորոշման միջոցով մայր հայրենիքին միանալը, պատասխանեցին բռնությամբ, սպանդով և ցեղասպանությամբ, իրականացնելով ջարդեր հայ բնակչության նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում։ -Հայ ժողովուրդը, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրած ագրեսիայի և սանձազերծած պատերազմի, դիմեց ինքնապաշտպանության և իր զավակների արյան գնով 1990-94 թվերին ազատագրեց Արցախի մի մասը։ Մինսկի համանախագահ երկրները բանակցային սեղանի վրա դնելով եղեռնածին «մադրիդյան սկզբունքները», ըստ էության փորձում են կրկին անգամ կյանքի կոչել 1921թ. ստալինյան ապօրինի որոշումը, հայերին զրկել իր Հայրենիքում ապրելու և արարելու անօտարելի իրավունքից, ինչն էլ իրականում հող է նախապատրաստելու և հրահրելու է Ադրբեջանին հայերի նկատմամբ փորձել իրականացնել մի նոր ցեղասպանություն։ Ե՛վ ՀՀ–ում, և՛ Արցախում, և՛ արտերկրում բնակվող հայերը, ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ այժմ թույլ չեն տա կյանքի կոչել ոճրագործ հակահայ ծրագրերը, որոնք փորձում ենք պարտադրել հայ ժողովրդի վստահության քվեն չստացած, ոչ լեգիտիմ ՀՀ իշխանություններին, որոնց ստորագրած բոլոր փաստաթղթերը առ ոչինչ են։ Հունիսի 18–19–ի դեպքերը հետևանքն է հայ քաղաքական ղեկավարության հանցավոր ինքնագոհության և ընդհանրապես ներկա համակարգի մեղքով երկրում տիրող անառողջ մթնոլորտի։ Կոչով դիմում ենք համայն հայությանը, գիտակցելու, որ մեր պարտականությունը լոկ Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդումը չէ, այլ Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերների դիմակայելն է, որոնց մեջ ամենահրատապներից են Արցախի ազատագրված տարածքների բնակեցումը և երկրի ներսում հայ մարդու համար բարոյական, արդար և արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։ Զարուհի Փոստանջյան Ալեք Յենիգոմշյան Ժիրայր Սեֆիլյան 05.07.10թ. Երևան

No comments: