Monday, July 5, 2010

Քլինթոնը մտահոգություն է արտահայտել Հայաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ

Tert.am. 5-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ելույթ է ունեցել հայաստանյան մի շարք ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ։ Ելույթի տեքստը, որն ուղարկել են Հյաաստանում ԱՄՆ դեսպանատնից, ներկայացվում է ստորև. «Երևան իմ այցելության ընթացքում ես ցանկացա հանդիպել քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, հասարակական կազմակերպությունների անդամների հետ. այն կազմակերպությունների, որոնք զբաղվում են կրթության, առողջապահության և այլ ոլորտներում առաջընթացով: Անցյալ կիրակի` ամսի 4-ին, ամերիկացիները տոնում էին մեր անկախության 234-ամյակը: Այս տարի անկախության օրը ես նշեցի` այցելելով այն երկրները, որոնք վերջերս են ստացել իրենց անկախությունը քրտնաջան և երկարատև պայքարի արդյունքում: Ես գիտեմ, թե որքան դժվար է ժողովրդավարության ճանապարհը բռնած երկրների համար պայքարել ազատության, հավասարության և արդարության արժեքների ներդրման համար: Եվ ես այսօր այստեղ եմ, որպեսզի քաջալերեմ ձեզ ձեր դժվարին աշխատանքի կատարման հարցում: Դուք բոլորդ գիտեք, որ ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն ընտրություններ, այլ նաև ազատ երկխոսության, գաղափարների ազատ փոխանակման հնարավորություն, թափանցիկ կառավարում, հաշվետու կառավարություն և ամենից առաջ ամուր քաղաքացիական ուժ, որը ոչ թե բավարարվում է ստատուս քվոյով, այլ սատարում է ավելի առողջ, ավելի ազատ հասարակության կառուցում: Երկու օր առաջ ես Լեհաստանում հանդիպել եմ ժողովրդավարությունների համայնքի հետ և այնտեղ ես խոսել եմ քաղաքացիական հասարակության կարևորության մասին, որում տարբեր ակտիվիստներ` կրոնական առաջնորդները, լրագրողները խաղաղ միջոցներով նպաստում են ավելի ազատ, ամուր և թափանցիկ ժողովրդավարություններ կառուցելուն: ԱՄՆ-ը հավատացած է, որ ժողովրդավարությունը ծաղկում և բարգավաճում է այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակության անդամները հարգված են և ազատ աշխատելու հնարավորություն ունեն: Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի իմ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և իմ մտահոգությունն արտահայտեցի Հայաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ: Գիտեմ, որ ձեզանից շատերը մտահոգված են Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների վերաբերյալ և այդ նույն մտահոգությունը կա նաև մեր երկրում, ԵԱՀԿ-ում և Եվրամիությունում: Ես բարձրացրեցի այս խնդիրները և պատասխան ստացա, որ կառավարությունը պատրաստ է այս աշնանը մեկ անգամ ևս վերանայել նախագիծը, և մեր երկիրը պատրաստ է այս հարցում համագործակցել Հայաստանի հետ և աջակցել Հայաստանում լրագրողների պաշտպանության հարցում, քանի որ միայն այս պարագայում Հայաստանի ժողովուրդը կարող է ստանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծաղկուն ժողովրդավարություն կառուցելու համար: Ես շնորհակալ եմ ձեզանից շատերին ձեր աշխատանքի համար, որը հատում է սահմաններ: Գիտեմ, որ ձեր հասարակական կազմակերպությունները և լրագրողները տարիներ շարունակ աշխատել են, որպեսզի ամրապնդեն կապերը ժողովուրդների միջև ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ` Թուրքիայի հետ: Անկախ նրանից, թե ինչ ոլորտում է ձեզանից յուրաքանչյուրն աշխատում ավելի առողջ հասարակություն կառուցելու համար` լինի դա առողջապահությունը, ազատ ընտրությունների թե տեղեկատվության ազատ փոխանցման ոլորտը, ես շնորհակալ եմ ձեզնից և խնդրում եմ շարունակել ձեր գործունեությունը: Այն մարտահրավերները, որոնք ծառացած են ձեր առջև, ավելին չեն, քան այն մարտահրավերները, որոնք Հայաստանը հաղթահարել է: ԱՄՆ-ը, Օբամայի վարչակազմը և ԱՄՆ-ի ժողովուրդը ձեզ հետ են` ձեզ սատարելու և օժանդակելու հասնելու այն ապագային, որը դուք ձեզ համար նախատեսել էիք»:

No comments: