Monday, July 5, 2010

Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը անցած շաբաթավերջին երկարաձգվել է եւս մեկ ամսով: Վարդանյանի` Հայաստանում ապրող հարազատների փոխանցմամբ, Տիրասպոլի քաղաքային դատարանը որոշումը ընդունել է կարճատեւ նիստում, որի օրվա մասին չեն տեղեկացվել նույնիսկ անազատության մեջ գտնվող լրագրողի ընտանիքի անդամները: Հիշեցնելով, որ դատարանի նախկին նիստին ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել ներկա գտնվել, Վարդանյանի հարազատները պնդում են, որ «նման կոնսպիրատիվ մեթոդների նպատակը գործի միջազգային հնչեղությունը եւ դրա վերաբերյալ հասարակական կարծիքը լռեցնելն է»: Հայազգի լրագրողի հարազատները հերթական անգամ կոչ են անում Մերձդնեստրի իշխանություններին «անսալ բանականության ձայնին եւ քաղաքական կամք ցուցաբերել Էռնեստ Վարդանյանի անհապաղ ազատ արձակման հարցում»: Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի

No comments: