Wednesday, July 28, 2010

Ցեղասպանության փաստի ճանաչման դեմ պայքարող թուրքին թալանել են. նա մեղադրում է հայերին

Tert.am. 28-7-2010- Վրաստանի Բաթում քաղաքում հարձակման է ենթարկվել Թուրքիայում գործող «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության Քոջաելիի մասնաճյուղի նախագահ Յուսուֆ Յըլմազը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Cihan («Ջիհան») գործակալությունը: Դեպքից հետո Յըլմազը դիմել է ոստիկանություն` հայտարարելով, որ իր վրա հարձակումը հնարավոր է` կազմակերպած լինեն հայերը: Ըստ Յըլմազի` Բաթումում իր և մի հայի միջև վեճ է ծագել այն պատճառով, որ, իբր, վերջինս վիրավորական խոսքեր է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նույն օրը երեկոյան ինչ-որ մեկը հարձակվել է թուրքի վրա, թալանել նրան և հասցրել մարմնական վնասվածքներ: «Ինչ-որ մեկը հետևից հարվածեց և գողանալով պայուսակս` փախավ: Պայուսակիս մեջ կար 10 հազար ԱՄՆ դոլար, անձը հաստատող փաստաթղթեր և կրեդիտ քարտեր: Ամեն ինչ գողացավ: Մեծ է հավանականությունը, որ դա կազմակերպել է այն հայը, ում հետ ես վիճել էի: Սակայն գիշեր էր, և ես չկարողացա տեսնել հանցագործի դեմքը: Դիմել եմ ոստիկանություն»,- ասել է Յըլմազը` ավելացնելով, որ դեպքի առնչությամբ կա մեկ ձերբակալված:

No comments: