Thursday, July 29, 2010

Վրացի փոխնախարարը հայտարարում է, որ վիճելի եկեղեցիները վրացական են, այլ ոչ հայկական

Tert.am. 28-7-2010- Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Թբիլիսիի և Վրաստանի այլ շրջանների այսպես կոչված «վիճելի եկեղեցիները» վրացական են, այլ ոչ թե հայկական։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։ Ըստ վրացի պաշտոնյանի՝ պատմաբան–գիտնականների վերջին ուսումնասիրությունները հաստատել են դա։ «Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել մի ֆիզիկական անձի, որը Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդն է։ Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավաբանական անձանց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի հանդիսանում այդպիսին Վրաստանի տարածքում»,– ասել է նա և հավելել, որ հայ համայնքի՝ եկեղեցիների վերադարձի պահանջները անհիմն են։ Նալբանդովի խոսքերով՝ հայ–վրացական հարաբերությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ–ն է, Վրաստանի առաջարկած բանաձևերին կողմ քվեարկեր։ Սակայն ի պատասխան այն հարցին, թե ինչու Վրաստանը չի անում այն, ինչում մեղադրում է Հայաստանին, վրացի պաշտոնյան ասել է, որ յուրաքանչյուր երկիր գործում է՝ ելնելով իր շահերից, և հավելել, որ Վրաստանը ընդառաջ է գնում Հայաստանին շատ հարցերում, ինչպիսիք են, օրինակ, «Վերին Լարսի» անցակետի բացումն ու ռուսական գազի՝ Վրաստանի տարածքով տարանցումը։ Ինչ վերաբերում է ռուս–վրացական հարաբերությունների կարգավորմանը, ապա Նալբանդովն ընդգծել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարելուն՝ «ցանկացած ձևաչափով, առանց նախապայմանների ու հավասարության պայմաններում»։

No comments: