Tert.am. 28-11-2011- «Խորհրդային Միության փլուզման արդյունքում ծնված 15 հետխորհրդային երկրներն այժմ 20 տարեկան են։ Եթե այդ երկրները մարդիկ լինեին, ապա այսօր իրենց պատանեկության տարիքից չափահասության տարիք մտած կլինեին (չնայած մեկ տարին չէր բավականացնի՝ ԱՄՆ–ում խմիչք օգտագործելու իրավունք ձեռք բերելու համար)»,– «Հարավային Կովկասի երկրները 20 տարիների ընթացքում (գրեթե) հասունացել են» վերտառությամբ հոդվածում գրում է «Կարնեգի» հիմնադրամի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը:Փորձագետն այնուհետև ընդգծում է, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար այդ երկու տասնամյակը ժամանակահատված էր հասկանալու համար, որ, ի տարբերություն 1918–21թթ. պետականության տխուր փորձին, անկախությունն այս անգամ անդառնալի է։ «Չնայած, այսօր դեռևս ավելի հեշտ է ասել, թե այս երկրներն իրենցից ինչ չեն ներկայացնում, քան՝ հակառակը»,– գրում է փորձագետը։
«Նախևառաջ, նրանք (այդ երկրները) «նորանկախ երկրներ չեն»՝ ինչպես որ հաճախ բնութագրվում էին 1990–ական թթ., իսկ 20 տարին մի այնպիսի տարիք է, որ պետք է առաջ նայել, ոչ թե հետ։ Բացի այդ, «հետխորհրդային» տերմինն այլևս այնքան պրակտիկ չէ, որքան նախկինում. Սովետական Միությունը ձևավորել էր իր քաղաքականությունն ու մշակույթը, իսկ Հարավային Կովկասն այժմ զբաղված է իր աշխարհագրության վերաբացահայտմամբ՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի խաչմերուկներում»,– ընդգծում է դե Վաալը՝ ավելացնելով, որ Թուրքիան ու Իրանն այդ երկրներին ավելի շատ են մոտ, քան Մոսկվան։
«Այսօր սխալ է նաև այս երկրները որպես «անցումային» երկրներ բնութագրելը։ Հույսը, որ հետխորհրդային երկրներն անխուսափելի ուղղություն են վերցրել դեպի ժողովրդավարություն ու ազատ շուկայական տնտեսություն, կես ճանապարհին «մարվեց»՝ տեղի իրողությունների պատճառով։ Նրանք (երկրները) Լեհաստան չեն։ Նույնիսկ Վրաստանը, որ երեք երկրներից ամենազարգացածն է, դեռևս շատ հեռու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ երկրներից՝ ժողովրդավարական ինստիտուտների և բաց տնտեսության տեսանկյունից»։
Դե Վաալը շարունակում է՝ գրելով, որ տվյալ դեպքում հարավկովկասյան տարածաշրջանը «հակամարտության տարածաշրջան» կոչելն էլ լավագույն բնութագրությունը չի լինի, թեկուզ հենց այդ տարածաշրջանում երկու «սուր» և չլուծված հակամարտություններ են առկա՝ ԼՂ հակամարտությունը և աբխազական և հարավօսական հակամարտությունը։ «Սխալ կլինի ասելը, որ հակամարտությունն է որոշում, թե տարածաշրջանում մարդիկ ինչպես են ընկալում իրենց։ Պետության կառուցումը շարունակվեց՝ չնայած այդ հակամարտություններին, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասն ավելի շատ զբաղված են տնտեսական հարցերով, քան հակամարտություններով»,– նշում է փորձագետը։
«Վերջապես 20 տարին այնպիսի ժամանակահատված է, երբ կարելի է ասել, որ երեք չափահաս երկրները պետք է բնութագրվեն իրենց ներքին արդյունավետությամբ, այլ ոչ թե իրենց հարևան գերտերությունների գործունեությամբ։ Այո, Ռուսաստանը միգուցե բարդ հարևան է, բայց իրականում այն այսօր ավելի մեծ սպառնալիք չի ներայացնում Վրաստանի համար, քան 1990–ական թթ. սկզբին։ Ժամանակակից Թուրքիան ամբողջովին տարբերվում է Օսմանյան կայսրությունից, իսկ Իրանը, որ զբաղված է իր ներքին խնդիրներով, անմիջական սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի համար»,– նշված է հոդվածում։
Վերլուծաբանն այնուհետև ընդգծում է, որ անկախ ամեն ինչից Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը «գործող պետություններ են», այդ երկրների ինստիտուտները գործում են, աշխատողներն աշխատանքի դիմաց վարձատրվում են, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները, եթե այդ երկրների մայրաքաղաքներից (դե Վաալը գրում է, որ Թբիլիսին, Երևանը և Բաքուն, իրենց ճոխ հյուրանոցներով և խանութներով, հանրային ծառայություններով այսօր ամենաշատ այցելվող քաղաքներից են) դուրս չգան, ապա բոլորովին այլ պատկերի ականատես կլինեն։ «Մայրաքաղաքներից դուրս այլ պատկեր է սկսվում՝ աղքատություն, գործազրկություն և արտագաղթի պատճառով կիսադատարկ մնացած հարյուրավոր գյուղեր»,– նշում է նա։
Հոդվածում այնուհետև նշվում է, որ հարավկովկասյան երկրներից Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ—ի մակարդակը բավական ցածր է՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն 5000 դոլար է կազմում, ինչն էլ այդ երկրները երեք անգամ ավելի աղքատ է դարձնում Թուրքիայից։ Իսկ Ադրբեջանը նավթից և գազից ստացած իր եկամուտներն «ուղղում է» քաղաքային բնակչության փոքր մի զանգվածի վրա միայն։
«Զարմանալի չէ, որ երեք երկրների պաշտոնապես մոտ 16 մլն բնակչության 1/ 5-ն աշխատանք գտնելու նպատակով ժամանակավորապես, կամ մշտական գաղթել է երկրից»,– նշված է հոդվածում։
Դե Վաալը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ հարավկովկասյան երեք երկրների համար ամենամեծ սպառնալիքը հակամարտության վերսկսումն է, որը երկու տասնամյակով այդ երկրներին հետ է մղելու, այդուհանդերձ այլ մարտահրավեր ևս այդ երկրներն ունեն։
«Եթե նույնիսկ նոր հակամարտությունները հնարավոր լինի կանխել, մարտահրավերը մնում է այնպիսի պետություններ ստեղծելը, որտեղ կցանկանան ապրել բնակչության աղքատ խավերը»,– նշում է դե Վաալը։
Վերլուծաբանը նշում է, որ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում միակուսակցական համակարգ է առկա, իսկ ընդդիմությունը թույլ է, դա էլ պառակտում է ստեղծել իշխող դասի և բնակչության լայն զանգվածների միջև՝ արդյունքում այնպիսի հարաբերություններ են ձևավորվում, որոնք կարելի է բնութագրել որպես ժամանակակից ֆեոդալական հարաբերություններ։
«Միգուցե Հարավային Կովկասի երկրների 20 տարիների անկախության ընթացքում ամենավհատեցնող փաստն այն է, որ չի եղել մի դեպք, երբ իշխանությունը խաղաղ կերպով, ընտրությունների միջոցով կառավարությունից անցնի ընդդիմությանը։ 5 նախագահները՝ Հայաստանում Լևոն Տեր Պետրոսյանը, Ադրբեջանում Այազ Մութալիբովը և Աբուլֆազ Էլչիբեյը,Վրաստանում՝ Զվիադ Գամսախուրդիան և Էդուարդ Շևարդնաձեն կամ գահընկեց են արվել, կամ թողել են իրենց պաշտոնները՝ նախքան պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Առ այսօր որևէ երկրում չի եղել այնպիսի դեպք, որ գործող ղեկավարը պարտվի ընտրություններում և շնորհավորի իր հաղթող մրցակցին։ Միակ նման դեպքը եղել է նախքան 1990թ. անկախությունը, երբ թե Հայաստանում և թե Վրաստանում Կոմունիստական կուսակցությունը իշխանությունը խաղաղ հանձնեց ընդդիմությանը։
«Բոլոր նրանց համար, ովքեր հաջորդ երկու տասնամյակում Հարավային Կովկասին հաջողություն են ցանկանում, օրակարգում պետք է լինի այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի նման իշխանափոխությունը»,– եզրափակում է դե Վաալը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment