Saturday, July 31, 2010

ՈՒՄ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ C-300-Ը

«Լրագիր» 31-7-2010- Ռուսաստանի մամուլը տեղեկություններ հրապարակեց Ադրբեջանին ռուսական C-300 զենիթային կայանների մատակարարման վերաբերյալ: Այս տեղեկությունները Ադրբեջանի պաշտոնատարները ոչ հերքել են եւ ոչ է հաստատել: Բաքվում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե Մոսկվայի ու Բաքվի միջեւ ռազմական համագործակցությունն ընթանում է իր հունով, եւ զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր տեսակի գործարքների մասին, համաձայն միջազգային փաստաթղթերի, տեղյակ է պահվում ՄԱԿ-ին եւ միջազգային կազմակերպություններին: Դեսպանն ասել է, որ եթե մատակարարվի հրթիռային համակարգ, ապա այդ մասին կարելի է տեղեկանալ այդ կազմակերպություններից: Այս հրապարակումները բնական անհանգստություն առաջացրին Հայաստանում: Ռուսական կողմը մի կողմից, ի դեմս Ռոսօբորոնէքսպորտի, որը մեկ տարի առաջ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ զենքի մատակարարման վերաբերյալ, հայտարարեց, թե C-300 չի մատակարարելու Ադրբեջանին, մյուս կողմից, նշվեց, թե Ռուսաստանը չի խախտում հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, թե անհանգստանալու բան չկա, քանի որ Հայաստանն ունի այդ համակարգերից: Սակայն, ամենակարեւորն այս պատմության մեջ այն է, որ Ադրբեջանին C-300 մատակարարելու մասին հրապարակումներին հետեւեց Ինտերֆաքսի տարածած տեղեկատվությունը, ըստ որի` Հայաստանը եւ Ռուսաստանը շուտով կստորագրեն համաձայնագիր, ըստ որի ընդլայնվում են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի լիազորությունները: Ըստ համաձայնագրի, Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազան, բացի Ռուսաստանի շահը սպասարկելու հետ կապված գործառույթների, Հայաստանի զինուժի հետ համատեղ ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ նպատակի համար Ռուսաստանը Հայաստանին ապահովելու է ժամանակից եւ համատեղելի ռազմական տեխնիկայով: Այսպիսով, եթե ստորագրվի նման համաձայնագիր, Ռուսաստանը սեփական հայեցողությամբ լիարժեք ու օրինական գործելու հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքում: Ըստ ամենայնի, Ադրբեջանին զենքի մատակարարման մասին հրապարակումներով Ռուսաստանը փորձում է համապատասխան ֆոն ստեղծել, Հայաստանին ստիպելով ստորագրել նման համաձայնագիր: Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում մտահոգություն կա, որ դատելով մինչ այժմ հայ-ռուսական “ռազմավարական գործընկերության” բնույթից ու տրամաբանությունից, չի կարելի բացառել հանգամանքը, որ ստանալով լրացուցիչ լիազորություններ, Ռուսաստանն ինքն է արդեն լիովին որոշելու Հայաստանի պաշտպանական ստրատեգիան: Մյուս կողմից, հայերի հիշողության մեջ թարմ են ոչ վաղ պատմության դրվագները, մասնավորապես 20-րդ դարասկզբին ռուսական զորքի կողմից հայերի “անվտանգությունը պաշտպանելու” հետեւանքները Արեւմտյան Հայաստանում, Ղարաբաղում, կրկին Ղարաբաղում` 20-րդ դարի վերջերին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կասկած չկա, որ այդ երկրի տարածքում կտեղակայվեն C-300 համակարգեր: Սակայն խնդիրն այն է, թե ում դեմ են լինելու դրանք ուղղված եւ ովքեր են սպասարկելու այդ համակարգերը: Դատելով Իրանի հանդեպ ԱՄՆ եւ Ռուսաստանի քաղաքականությունից, կարելի է ենթադրել, որ դրանք ուղղված են լինելու դեպի հարավ, եւ պաշտպանելու են, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի բնութագրմամբ` “դեպի Աֆղանստան տանող կարեւորագույն միջանցքը”, այսինքն Ադրբեջանի տարածքը: Միաժամանակ, “զգաստ են պահելու” հայերին: Ավելացնենք, որ Ռուսաստանի ու Իրանի միջեւ հարաբերությունները վատթարացել են նաեւ այն պատճառով, որ Մոսկվան չի կատարել պայմանագրային պարտավորությունները Թեհրանի հանդեպ եւ չի մատակարարել C-300 համակարգեր: Իսկ Ադրբեջանին այդ համակարգերը մատակարարելու մասին տեղեկատվությունը փաստացի “գաղտնազերծեց” իրանական կողմը:

No comments: