Saturday, August 28, 2010

Արևմուտքն այսօր ջանք չի խնայում Հայաստանին համակարգային աջակցություն ցուցաբերելու համար. Մամեդով

«Tert.am», 27.08.2010: Ռուսաստանի կողմից Հայաստանին այդքան մեծ աջակցություն տրամադրելը հակասում է միջազգային իրավական նորմերին և սկզբունքներին։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Նովրուզ Մամեդովը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի ժամկետի երկարացման, ինչպես նաև այդ ռազմաբազայի գործառույթների ընդլայնման վերաբերյալ Երևանում ստորագրված համաձայնագրերին։ «Այդքան էլ դժվար չէ հասկանալ, թե որն է նման պետությանն այդպիսի բացահայտ աջակցություն ցուցաբերելու էությունը։ Երկրորդ՝ չեզոք կարգավիճակ ստանձնելով Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակներում մասնակցում է հակամարտության կարգավորմանը։ Սակայն այդպիսի հայտարարություններով և [Հայաստանին] այդպիսի աջակցություն տրամադրելով դժվար է օբյեկտիվ միջնորդ լինել։ Այսինքն այս ամենը չի տեղավորվում մեկ տրամաբանության մեջ։ Հենց սա է գլխավոր հարցը»,– ասել է Մամեդովը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է, որ Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ այդ հարցին «առավել հիմնավորված պատասխան տա»։ «Քանի որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են ... Ռազմավարական չափորոշիչներով ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանը անհամեմատ կարևոր պետություն է։ Կարծում եմ, որ այս ամենը հաշվի առնելով, այս բոլոր գործընթացներին պետք է որ տրամաբանական բացատրություն տրվի»,– ընդգծել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմական համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի արձաքանգին՝ Մամեդովն ասել է, թե իր հետևությունների համաձայն, Հայաստանին կանոնավոր համակարգային աջակցություն ցուցաբերելու նպատակով այսօր Արևմուտքն ու Եվրոպան գործի են դրել իրենց բոլոր ջանքերը։ «Բացի դրանից, նրանք չեն էլ փորձում թաքցնել դա»,– ասել է Նովրուզ Մամեդովը։

No comments: